Նոր տարին եւ Սուրբ ծնունդն այն տոներն են, երբ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք նրանց, ովքեր հատկապես ունեն մեր կարիքը, եւ օգնենք նրանց ավելի դրական լիցքով հրաժեշտ տալ անցնող տարուն։
Այս մասին, այցելելով Երեւանի №1 ծերանոց, դեկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կինը՝ Աննա Հակոբյանը։ Ծերանոցի բնակիչների համար պատրաստվել էին հատուկ նվերներ՝ հագուստ, ընդ որում՝ միայն տեղական արտադրության։ Հատկանշական է, որ դրանց մեջ կար նաեւ «Ալեքս Հոլդինգ» ԲԲԸ-ի արտադրանք։
Ընկերության սեփականատերն, ինչպես գիտենք , Սամվել Ալեքսանյանն է (նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր)։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Աննա Հակոբյանը պարզաբանել է, որ այս նախաձեռնությանը համագործակցելու առաջարկ արվել է ոչ միայն «Ալեքս Հոլդինգին», այլեւ տեղական մյուս արտադրողներին։ Բացի նվերներից, ծերերին սպասում էին նաեւ տոնական սեղաններ, ինչպես նաեւ՝ պարողների եւ դերասանների ելույթներ։
«Բոլորին ցանկանում եմ ամենամոտ ժամանակում ունենալ այնպիսի երկիր, որտեղ ձեր բոլոր ցանկություններն իրականություն կդառնան, եւ դուք բավարարված կլինեք ձեր կյանքով եւ յուրաքանչյուր ապրած օրով։ Ցանկանում եմ բոլորիս ուժ հավաքել ծավալուն աշխատանքի համար, որպեսզի այդ օրը շուտ գա»,- իր կենացում ասել է Փաշինյանի տիկինը։
աղբյուրը՝ news.am