Երևանյան հիվանդանոցներն անցել են կարանտինային ռեժիմի

Երևանում գործող խոշոր մասնավոր հիվանդանոցները ևս հատուկ ռեժիմի են անցել:

«Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում ասաց, որ րոպեներ առաջ Առողջապահության նախարարությունից հրաման են ստացել` անցնելու կարանտինային ռեժիմի, սա նշանակում է, որ ագելվում են տեսակցությունները հիվանդանոցում: Գնունու խոսքով` մեկ շաբաթից ավելի է՝ սահմանափակել էին տեսակցությունները:

«Ինչ վերաբերում է աշխատակիցներին, բոլորը դիմակներով են, ձեռքերն ալկոգելով մշակվում են: Հիվանդները, որոնք դիմում են հարբուխի կամ թոքաբորբի ախտանիշներով, չեն հոսպիտալացվում, հիվանդանոցի հարկերով չեն բարձրանում, այդ ստուգումները կատարվում են մեկուսացված: Ցանկացածն, ով մտնում է ընդունարան, այդ թվում բուժանձնակազմը, ընդունարանում կատարվում է ջերմաչափում: Անձնակազմի այն աշխատակիցները, որոնք հարբուխի նշաններ ունեն, արգելված է նրանց աշխատանքի գալը, բարեբախտաբար մինչև հիմա նման դեպքեր չունենք»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք` վերջին օրերին շատացել են, արդյոք, հարբուխով հիվանդացությունները, Անատոլի Գնունին դրական պատասխան տվեց:

«Հարբուխով հիվանդները գալիս են օրուգիշեր, իրենց ուղղորդում ենք Ինֆեկցիոն հիվանդանոց, որովհետև մենք չունենք թեստեր, որպեսզի հստակ կարողանանք որոշել հիվանդի մոտ կա՞ կորոնավիրուս, թե՞ չկա: Ուղղակի որ գալիս, խնդրում են ռենտգեն անել, մենք իրենց զգուշացնում ենք, որ ճիշտ կլինի հետազոտությունից հետո անպայման դիմեն Ինֆեկցիոն հիվանդանոց, եթե անհրաժեշտությունը կա»,- ասաց նա:

Հարցին` ռենտգեն հետազոտության ժամանակ հնարավոր է խնդիրներ չհայտնաբերվեն, սակայն, միևնույն է կարիք լինի կորոնավիրուսը բացահայտող թեստի անցկացման, Անատոլի Գնունին պատասխանեց.

«Այո, այո, դրա համար մենք հիվանդներին զգուշացնում ենք, որ կա Ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ կազմակերպված է այդ հիվանդների պատշաճ բուժօգնությունը»:

«Աստղիկ» ԲԿ-ի խոսնակ Լուսինե Պետրոսյանը մեզ փոխանցեց, որ ԲԿ-ից մի հատված առանձնացրել են այն դեպքերի համար, եթե քաղաքացին ջերմություն ունենա, այնտեղ կսպասարկի առանձին բուժանձնակազմ: Ըստ ԲԿ-ի մամուլի խոսնակի` մուտքի մոտ քաղաքացիների ջերմությունն են չափում, հատուկ նյութերով ախտահանում: Այս օրերին արգելվել է նաև տեսակցությունները, հիվանդին խնամելու համար խնամատար է հատուկ անցաթղթով մուտք գործում ԲԿ:

«Սլավմեդ» ԲԿ-ի խոսնակ Անի Կարապետյանն էլ մեզ փոխանցեց, որ իրենց մոտ ևս տեսակցություններն արգելված են` պաշտպանելով հիվանդանոցի պացիենտների անվտանգությունը:

ԲԿ-ում, խոսնակի հավաստմամբ, բնականոն գործընթաց է, որևէ խուճապային տրամադրություն չկա: Ցանկացած անձ, որը պետք է մուտք գործի ԲԿ, ջերմաչափվում է, ախտահանվում, իսկ հիվանդանոցի տարբեր հատվածներում տեղադրված են ախատահանիչ նյութերով սրվակներ:

«Էրեբունի» ԲԿ-ի ծննդատունը փակ է այցելուների համար: ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանի խոսքով` ծննդատանը հատուկ ռեժիմ է, բոլորին ջերմաչափում են, իսկ այցելուներին թույլ չեն տալիս մուտք գործել ծննդատուն: Հիվանդանոցը, սակայն, իր բնականոն աշխատանքն է իրականացնում:

Այլ բժշկական կենտրոնների հետ կապ հաստատել չհաջողվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ