Ագարակցիները փակեցին փողոցը՝ վարչապետին ստիպելով ելույթ ունենալ

Թեեւ Ագարակում հանրահավաք նախատեսված չէր, սակայն ՀՀ վարչապետը ագարակցիների պահանջով ստիպված եղավ փոքրիկ հավաք անցկացնել այնտեղ: «Դուք փաստացի փակել եք փողոցները»,- դիմելով ելույթ պահանջող ագարակցիներին՝ բարձրախոսով կեսկատակ հայտարարեց Փաշինյանը եւ շնորհակալություն հայտնեց ակտիվության համար: Նա խնդրեց մասնակցել Մեղրիի հանրահավաքին, որովհետեւ այնտեղ է հնչեցնելու հիմնական ասելիքը:

«Սա «Այո»-ի քարոզչական միակ տպագիր նյութն է: Առաջին էջում գրված է ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր: Սա շատ կարեւոր սիմվոլ է: Իսկապես, այն քաղաքացիական հպարտության հաստատման գործընթացը, որ սկսվել է երկար տարիներ առաջ եւ հաղթանակել է 2018 թվականին, սա կարեւոր հանգամանք է: Շատերը պատկերացնում են, որ հեղափոխությունը մարտի 31-ին սկսվեց մայիսի 8-ին ավարտվեց: Դա մարտի 31-ին չի սկսվել, դա շատ ավելի շուտ է սկսվել: Ասում են, որ դա ես եմ սկսել, դա ես չեմ սկսել, դա մենք ենք սկսել, ամեն մեկս մեր մտածածով, մեր տեսածով, մեր ներսում մեզ ուտելով, մեր եռալով: Հեղափոխությունը սկսվել է ամեն մեկիս մեջ, երբ որ ինքներս մեզ հարցրել ենք՝ լավ, բա մենք ինչքա՞ն ենք սենց պասիվ մնալու, լավ, ինչքա՞ն ենք մեր տներում փակված մնալու, բաներ տեսնելու եւ չնկատելու: Մարտի 31-ին կուլմինացիան է եղել, իսկ մայիսի 8-ին՝ հաղթանակը: Շատ կարեւոր է ընդգծել, որ հեղափոխությունը հաղթանակել է, բայց չի ավարտվել: Ճիշտ է, մայիսի 9-ին մենք ուրիշ Հայաստանում արթնացանք, մենք ուրիշ Հայաստան ստեղծեցինք, բայց էդ ուրիշ Հայաստանի շենքերի պրոբլեմը չլուծվեց մայիսի 9-ին, կաթող տանիքների, գործազրկության խնդիրը, կաշառակերության հարցը չլուծվեց մայիսի 9-ին»,- հայտարարեց Փաշինյանը:

Արձագանքելով հավաքվածներից մեկի կողմից արտահայտված այն մտքին, թե չի էլ լուծվի, վարչապետը հավելեց, որ խոսքը դրա մասին է, որ մենք պետք է էնքան չհոգնենք, էնքան շարունակենք մեր պայքարը հանուն էդ արժեքների, որ լուծվեն բոլոր խնդիրները:

Կոչ անելով ապրիլի 5-ին գնալ տեղամաս եւ «այո» ասել սահմանադրական փոփոխություններին՝ Փաշինյանը ընդգծեց, որ ՀՀ-ում բոլոր խնդիրները սկսվել են ընտրությունների կեղծումից, ուստի պետք է լինի գործող Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան:

«ՀՀ-ում չի կարող լինել որեւէ մարմին, որը վեր է ժողովրդից: Այսօր այս հանրաքվեով վերահաստատելու ենք եւս մեկ անգամ դա, որ բոլոր ժամանակների համար պարզ լինի, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ գործող Սահմանադրական դատարանը քոչարյանասերժական իշխանության վերջին մնացորդն է Հայաստանում եւ պիտի հեռանա:

«Եւ ուրեմն, պետք է ժողովուրդը գնա տեղամաս եւ միլիոններով «այո» ասի Սահմանադրության փոփոխությանը, քոչարյանասերժական վերջին մնացորդի հեռացմանը»,- հավելեց վարչապետը: Հիշեցնենք, որ քիչ անց հանրահավաք է մեկնարկելու Մեղրիում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ