Այսօր Աշոտ Փաշինյանի ծննդյան օրն է

Աշոտ Փաշինյանը ծնվել է  2000 թվականի մարտի 11-ին։

Այժմ Աշոտը գտնվում է ժամկետային ծառայության մեջ։ Նա կամավոր է ընտրել Արցախը և այժմ գնվում է Արցախի զորամասերից մեկում։

Ծառայության մեկնելուց առաջ Աշոտը պատասխանեց լրագրողների հարցերին․

Ներկայացնում ենք լրագրողների և Աշոտի հարցուպատասխանը:

— Առաջնագի՞ծ ես ուզում գնալ։

— Եթե որոշեն, որ առաջնագծում կարող եմ օգուտ տալ, ուրեմն այնտեղ էլ կգնամ։

— Իսկ ո՞րն է այդ օգուտը` ըստ քեզ։

— Բանակի հզորացումը մեր նպատակն է, որի նպատակն էլ մեր երկրի խաղաղությունն է։

— Առավոտյան տնից դուրս գալիս ի՞նչ խորհուրդներ է տվել վարչապետ Փաշինյանը։

— Անձնական է, չեմ հրապարակի։

— Ինչո՞ւ հենց Արցախ։

— Որովհետև կոնֆլիկտը հենց Արցախի շուրջն է։ Ուզում եմ այնտեղ լինել և այս հարցում աջակցել հայկական կողմին։

— Պաշտոնյաների որդիներից շատերը չեն գնացել ծառայելու։ Քո այս քայլից հետո ինչ-որ բան կփոխվի՞ նրանց մտածողության մեջ։

— Ես կարծում եմ, որ դա այնքան էլ մտածողության խնդիր չէ։ Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և ոմանք փորձել են շրջանցել այն։

— Մայրդ ինչպե՞ս է արտահայտում զգացմունքները։

— Ինչպես բոլոր մայրերը։ Բառերով չեմ կարող բացատրել։ Տխրություն կա, բայց հասկանալի է պատճառը։ 18 տարի բոլորս պատրաստ ենք եղել, որ այս օրը գալու է։

— Ովքե՞ր են գալու քեզ ճանապարհելու։

— Պատկերացում չունեմ։

Աշոտ Փաշինյանը նշեց, որ բանակային ծառայության վերաբերյալ որևէ մտահոգություն չունի։ «Սիրած աղջկա չկա՞» հարցին էլ պատասխանեց` ոչ։

Նա ընդգծեց, որ գերադասում է 18 տարեկանում գնալ բանակ, քան հետո։

Վարչապետի որդին Էստոնիայի Տարտուի համալսարանում է սովորում։ Նա կիսատ է թողել ուսումը` հայրենիքի հանդեպ պարտականությունը կատարելու համար։ Վստահ չէ, որ հետո այդ մասնագիտությամբ էլ կշարունակի, բայց վստահ է, որ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում է աշխատելու։

Նա նշեց, որ հիանալի տրամադրությամբ է մեկնում ծառայության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ