Իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարում են նաև մուսուլման կանայք

Կանանց իրավունքների համար պայքարն այսօր ընդգրկել է նաև մահմեդական աշխարհը: Մուսուլման կանայք նույնպես ցանկանում են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ, պահանջում են վերացնել խտրական աշխատանքային օրենքները, կանանց նկատմամբ բռնությունները: Սակայն մուսուլման տղամարդիկ հիմնականում դեմ են կանանց իրավահավասարության պահանջներին:

Բաքվի կենտրոնում մեկնարկած ակցիայի հիմնական կարգախոսն էր՝ «Մի՛  հանդուրժիր բռնությունը»: Հանրահավաքի առաջին րոպեներից ոստիկանները փորձել են խանգարել երթը, փակել են մասնակիցների ճանապարհը, նրանց ձեռքերից խլել պաստառները: Քաղաքացիական հագուստով իրավապահները նրանց նկատմամբ գործադրել են ֆիզիկական ճնշում, մի քանի ցուցարար ձերբակալվել է:

Իսլամաբադում պահպանողական պակիստանցիները չեն աջակցել կին ակտիվիստների ցույցերին և երթի մասնակիցների վրա քարեր ու փայտեր են նետել: Մի քանի մարդ վիրավորվել է, ցուցարարները ստիպված են եղել թաքնվել և սպասել իրավապահ մարմինների ժամանմանը:

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում կանանց երթն անցել է նրանց նկատմամբ բռնություններով: Համերաշխության երթի մասնակիցների վրա են հարձակվել դիմակավորված տղամարդիկ, իսկ ոստիկանությունը հարձակվողների փոխարեն ձերբակալել է 70 կին ակտիվիստի:

Բռնություն է կիրառվել նաև Ստամբուլում անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ: Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում հավաքված ակտիվիստների դեմ, որոնք մասնակցում էին կանանց իրավունքների պաշտպանության երթին: Չնայած Քաղաքային իշխանությունները փակել էին Թաքսիմ հրապարակ տանող բոլոր փողոցները, ինչպես նաև մետրոյի մի քանի կայարան Ստամբուլի կենտրոնում, հարյուրավոր կանայք, այնուամենայնիվ, մասնակցել են ակցիային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ