Խաչքարերի կրկնօրինակներն ու Տաթևի վանքի մանրակերտը՝ ԱՄՆ-ում

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում այսուհետև ներկայացված կլինեն հայկական միջնադարյան խաչքարերի կրկնօրինակներն ու Տաթևի վանական համալիրի մանրակերտը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը նշել է, որ նվիրատվությունը առաջին քայլն է գալիք տարի Աստվածաշնչի թանգարանում բացվելիք ցուցադրության ուղղությամբ։

Ամերիկյան կողմի ներկայացուցիչն էլ պատմել է, որ նախորդ տարի Դավոսում Հայաստանի վարչապետին առաջարկել էր քրիստոնյա Հայաստանին նվիրված ցուցադրություն կազմակերպել ԱՄՆ մայրաքաղաքում։ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով հանձնարարական է ուղարկել մեր դեսպանատանը, որին հաջորդել են նախապատրաստական աշխատանքները։

Աստվածաշնչի թանգարանում տեղի է ունեցել նաև հայկական երաժշտության համերգ։ Հնչել են Կոմիտասի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները, ելույթով հանդես է եկել համայնքում ճանաչված ջութակահար Հուրիկ Փուչիկյանը։

Նշենք, որ խաչքարերից մեկի կրկնօրինակը և Տաթևի վանական համալիրի մանրակերտը նվիրաբերել է IDEA հիմնադրամը, իսկ դեսպանության և Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եկեղեցու ջանքերով, բայց հայ ժողովրդի անունից, թանգարանին է փոխանցվել Նորավանքի խաչքարի նմանօրինակը։ Մոմիկ ճարտարապետի այս խաչքարը սեղմ ժամկետում կրկնօրինակել էր էջմիածնեցի քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ