«Առաջին անգամ դեմքն այսօր եմ տեսել՝ մամուլում». Հայկ Գեւորգյանը «Վստրեչի Ապերի» աջակցության կարիքը չի ունեցել

«Ես այդ անձին՝ «Վստրեչի Ապերին», երբեւէ ո՛չ տեսել եմ, ո՛չ նրա հետ շփվել: Առաջին անգամ նրա դեմքն այսօր եմ տեսել՝ մամուլում: Ես Ձերբակալվածների պահման վայրում եղել եմ ընդամենը 72 ժամ եւ այդ ընթացքում ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընտանիքը որեւէ մեկի օգնության կարիքը չենք ունեցել: «Նուբարաշենում» ինձ այցելել են միայն իմ ավագ որդին, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը եւ իմ փաստաբան Վահե Գրիգորյանը: Որեւէ մեկի հետ հեռախոսով որեւէ խոսակցություն չեմ ունեցել «Նուբարաշենից»»,- անդրադառնալով մամուլում «Վստրեչի Ապերի» արած հայտարարությանը՝ մեզ հետ զրույցում ասաց պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Մեր դիտարկմանը, որ լրագրող Գոհար Վեզիրյանը հաստատել է «Վստրեչի Ապերի» հայտարարությունը, սա նշանակում է, որ ստո՞ւմ են, Գեւորգյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ես «Նուբարաշենից» հեռախոսով որեւէ մեկի հետ չեմ խոսել, էդ միտքը սուտ է: Այն, թե իմ ընտանիքն աջակցության կարիք է ունեցել, իմ ընտանիքը որեւէ խնդիր չի ունեցել, որեւէ մեկի աջակցության կարիքը չի ունեցել, չունի եւ չի էլ ունենա, վստահեցնում եմ»:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորում իր վերաբերյալ այդպիսի տեղեկությունների տարածումը, Գեւորգյանը նկատեց, թե չի հասկանում եւ չի էլ ուզում հասկանալ:

«Վստրեչի Ապերը» իր հարցազրույցում խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին ցուցաբերված օգնության մասին: Սրա վերաբերյալ պատգամավորն ասաց, որ համենայն դեպս ինքը նման բանից տեղյակ չէ.

«Ես գիտեմ, որ մեծ աջակցություն են ցուցաբերել փաստաբանները, ընկերները, կինը՝ առաջին հերթին, բայց որեւէ այլ անձի աջակցության մասին ինձ հայտնի չէ»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը ձերբակալվել էր 2012-ին եւ մեղադրվում էր մի քաղաքացու վրաերթի ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ։ 3 օր կալանավայրում անցկացնելուց հետո դուրս գալով ՔԿՀ-ից՝ Գեւորգյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում լրագրողական գործունեության համար։

Նիկոլ Փաշինյանն էլ ձերբակալվել էր 2009թ. հուլիսի 1-ին՝ ինքնակամ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայանալուց հետո: Նա 2010-ի հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ոստիկանական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ազգականների առանձնատներում: Պաշտոնապես Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի կողմից մեկնաբանվեց միայն, որ առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ եւ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել եւ դեռևս շարունակում են իրականացվել:

Եվ մինչ կպարզվեր նաեւ, որ «Վստրեչի Ապերի» եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, եւ հարեւանությամբ բնակվող անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար առեւանգման եւ կողոպուտի համար, երեկ «Վստրեչի Ապերը» «Հրապարակի» լրագրողին պատմել է, թե վերջերս «իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերեւույթ համաձայնել է եւ որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան»։ Սա պատմելուց հետո «Վստրեչի Ապերը» նաեւ ակնարկել է, թե քանի որ ինքը խաբել է ու չի կատարել իր պայմանավորվածությունը, նախօրեի գործողությամբ ոստիկանները որոշել են «դուրս գալ իր լավության տակից»:

Ավելին՝ այդ հարցազրույցում «Վստրեչի Ապերը» նաեւ ասել է, թե ժամանակին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն անազատության մեջ են եղել, լրագրող Գոհար Վեզիրյանի, ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչների խնդրանքով օգնել է նրանց եւ նրանց ընտանիքներին:

Այս հարցազրույցին արձագանքել է Վեզիրյանը՝ նկատելով, թե այն տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված, հենց այդ օրերին է Ապերը պետք եկել: «Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել, ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ, Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»»,- գրել է Վեզիրյանը:

Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ