Բացառիկ հայկական ձեռագիրը հիմնովին նորոգված ներկայացվեց Մատենադարանում

981 թվականին ստեղծված արժեքավոր ձեռագիրը, որում զետեղվել են հատվածեր Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Արիստոտելի և այլ ականավոր մտածողների աշխատություններից, հիմնովին վերականգնված ցուցադրվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

«Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ցուցահանդեսում ներկայացվում է մեկ ձեռագիր: Այն համարվում է աշխարհում հնագույն թղթե ձեռագրերից մեկը: Հայտնի է, որ թուղթը ստեղծել են չինացիները, հետո այն անցել է արաբներին, հույներին: Կարող ենք ասել, որ թղթի վրա գրված ձեռագրեր ունեցող չորրորդ ազգը հայերն են: Այս ձեռագիրը բացառիկ է նաև հնագրությամբ և նյութերով: Զետեղված են պատմական, գիտական նյութեր, որոնց հեղինակներն են Արիստոտելը, Աթենաս Ալեքսանդրացին, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Գրիգոր Լուսավորիչը, Եղիշեն և այլք»,-նշեց Մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը:

Նրա խոսքով` 10-րդ դարում հայ և քաղկեդոնական եկեղեցիների միջև դավանաբանական վեճեր կային: Դավիթ քահանան կազմել է ժողովածուն որպես օգնություն հայ հոգևորականներին:

Ձեռագիրը նորոգվել է շուրջ երկու տարի: Նորոգումից հետո այն ցուցադրվում է մասնատված վիճակում, հետագայում ձեռագիրն ամբողջացվելու է և դառնալու է գիրք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ