«Եթե իմ տղան ինքնասպան լիներ, դիակի հետևից չէի գնա». Շմայս

Այսօր վերաքննիչ դատարանում նախատեսված է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցի քննության նիստը։ Մովսիսյանները վերաքննիչ դատարանում բողոքարկել են խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Դավիթ Մովսիսյանը հենց ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին է։ Նրան զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Դեպքից հետո նա կալանավորվել էր:

Առաքել Մովսիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շարունակեց պնդել, որ իր որդին մեղավոր չէ, «մի քանի աֆիզերներ ուզում են նրա գլխին սարքել»։ «Ադվակատը իրա գրագիտությամբ, իրա աշխատանքի ոճով դատարանում կապացուցի, որ իմ տղան ոչ մի բանում մեղավոր չի, և օրինական ճանապարհով կապացուցվի, որ իմ տղան դրա հետ կապ չունի։ Մի ստից վեճի համար բերել կատարվածը կապել իմ տղայի հետ, դա թյուրիմացություն է»,- ասաց Մովսիսյանը։

Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչպես էր ստացվել, որ իր որդին ծառայության էր անցել Արցախի «էլիտարների զորամաս» կոչված զորամասում։ Արդյոք դա իր դերակատարությամբ, ունեցած կապերով է պայմանավորված եղել։ «Իմ տղան հեղաշրջումից հետո անվճար ընդունվավ համալսարան։ Եվ հետո որևէ մի կապ որևէ մեկի հետ ունենալ այդ կարգավիճակում, անհնար է։ Իմ տղան պետք է ուչեբկա գնար, բայց հենց զբորնի պունկտում հիվանդության պատճառով, երկու հոդվածի պատճառով նրան ուչեբկա չուղարկեցին։ Իսկ վիճակահանությանը ես ըսկի չեմ էլ գնացել։ Ինքը գնացել, քաշել ա, ընգել ա Ղարաբաղ։ Ղարաբաղում էլ քաշել ու ընգել ա էդ զորամաս։ Որևէ միջամտություն չէր կարող լինել, լրիվ պատահականություն է։

Ու հետո ես չեմ հասկանում էդ էլիտար զորամաս հասկացությունը։ Ես իմ տղային ուղարկել եմ զորամաս։ Իմ ցանկությունն ա եղել, որ իմ թասիբի համար իմ տղան ծառայի։ Իմ տղան էլ շատ պարկեշտ ծառայել ա։ Դուք դատավարության ժամանակ կտեսնեք, որ ինքը պարտաճանաչ զինվորական է եղել։ Նա ինձ խոստացել էր, որ խելոք կծառայի ու հետ կգա տուն։ Տենց խելոք էլ ծառայել ա։ Մի քանի ստրուկ սրիկա աֆիցերի պատճառով էդ ամեն ինչը հավաքեցին ու իմ երեխու ու էդ երեխեքի գլխին սարքեցին։ Աֆիցերները իրենց կեղտերը ուզում են փաթաթել զինվորների գլխին։ Տեսեք, թե տարիներ շարունակ ինչքան զինվոր ենք կորցրել ու ինչքան նման դեպքերում կալանավորել ենք ու դատել»,- ասաց Մովսիսյանը։

Մեր դիտարկմանը՝ որ միջադեպին հաջորդել են այլ վեճեր, դրա մասին հրապարակումներ եղան, որն էլ հանգեցրել էր զինծառայողի ինքնասպանությանը, Մովսիսյանը պատասխանեց. «Եթե իմ տղան ինքնասպան լիներ մի ստից վեճից, ես ըսկի չէի էլ գնա նրա դիակի հետևից, որովհետև ես դաստիարակել են, որ ծառայի որպես ազգի զինվոր։ Ես ուրիշ կերպար չեմ տեսել իմ տղայի մոտ։ Իմ տղան հիմա նի զա շտո նստած ա, ես դա կասեի նաև մնացած կալանավորվածների մասով։ Աֆիցերների տեղը զինվորներն են դատվում։ Էս տականքությանը պտի վերջ տվցվի։ Ես 17 տարի հրամանատար եմ եղել ու չեմ հասկանում, թե զինվորը ոնց կարա պարապ մնա, բա էդ աֆիցերները ինչով են զբաղվել՝ խոզապահությա՞մբ, թե՞ ուրիշ բանով։ Ես դա չեմ կարում հասկանամ։

Բայց դուք հետո կլսեք դրա ձենը, թե ով ինչպես ա եղել։ Արդարությունը պետք ա որ հաղթի։ Էդ զինվորները էդ երեխայի ինքնասպանության հետ ոչ մի կապ չունեն։ Պետք ա ման գալ ու պարզել, թե նա ծառայության ընթացքում որ աֆիցերի հետ ինչ խնդիր ա ունեցել»։ Մովսիսյանը նաև հավելեց, որ ամեն դեպքում ինքը հասկանում է մահացած զինծառայողի հարազատներին։ «Զինվորի զոհվելու վիշտը ես հասկանում եմ՝ ինչ ա։ Իմ տղան հիմա նստած ա, և ես հասկանում եմ, թե դա ինչ վիշտ ա։ Իմ տղան նստած ա, ու մենք էդքան ցավում ենք, բա պատկերացնում եմ՝ նրանք ինչ են զգում։ Ընտանիքից զինվոր ա պակասում։

Բայց կրկնում եմ, տականք աֆիցերների փոխարեն զինվորը չպետք ա պատասխան տա։ Տականք, սրիկա, դիշովկա աֆիցերներ կան, որ իրենց քամակը փրկելու համար զինվորին են փուռը տալիս։ Իմ զինվորին դատում են, բայց իրա տականք կամանդիրը ըսկի դատին էլ չի գալիս։ Իսկ ես իմ զինվորների դատավարություններին մինչև վերջ գնացել եմ ու մինչև վերջ արդարացիորեն լուծել ենք էդ հարցերը։ Ով մեղավոր չի եղել, չի դատվել։ Ես էդքան տարի կամանդիր եմ եղել ու իմ օրոք որևէ մեկը չի դատվել ստից բանի համար։ Ես կանգնել եմ իմ զինվորի կողքին, ոչ թե ցռան կամանդիրների նման փախել եմ, որ իմ զինվորին տանեն Շուշիի բերդ։

Տեսեք, թե ամեն զինվորի ինքնասպանությունից հետո ինչքան զինվոր են կալանավորել, բայց մի հատ աֆիցեր ձևի համար չի կալանավորվել»,- ասաց Մովսիսյանը՝ հավելելով, որ իր որդուն մեղադրանք առաջադրելու «սխալմունքը» ևս գալիս է «կամանդիրից», որին հարցրել են և նա միանգամից իր որդուն է մատնացույց արել։ «Բայց մենք մեր գաղտնիքները չենք բացահայտի հիմա, ու դատավարության ժամանակ դուք ամեն ինչին ականատես կլինեք»,- ասաց նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ Վահրամ Ավագյանի հարազատները դեպքից հետո բողոքի ակցիաներ կազմակերպեցին, նրանք անգամ փետրվարի 2-ին փակել էին Արգավանդի ճանապարհը, զինծառայողի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երևան՝ հայտարարելով, որ իրենց որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Պաշտպանության նախարար Տոնոյանը այդ օրը խոստացավ արդար հետաքննություն։

Այս գործից զատ, Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, արդյոք մասնակցում կամ մասնակցելու է, քարոզելո՞ւ է «Այո» կամ «Ոչ»։ Մովսիսյանը, սակայն, պատասխանեց, որ իր որդու գործից զատ, իրեն բացարձակ ոչինչ չի հետաքրքրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ