«Ես «Այո»-«Ոչ»-ի քարոզով չեմ զբաղվում, իմը զինվորն է ու բանակը». Մարոզ Մարգո

Նախօրեին համացանցում մի գրառում տարածվեց, ըստ որի՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի կողմնակիցները մարդկանց խաբեությամբ տանում են ինչ-որ քննարկումների։ Մասնավորապես, Գայանե Համբարձումյան անունով օգտատերը գրել էր, որ իրեն փետրվարի 29-ին զանգահարել է ոմն Անժելա «Շանթից» ու աշխատանք առաջարկել, ասելով՝ պատգամավորների ժողով է լինելու ու մարդ է պետք, ովքեր պատշաճ կերպով կդիմավորեն պատգամավորներին և կուղեկցեն իրենց համար հատկացված տեղը նստելու և, որ երկար չի տևի, տաս րոպեի աշխատանք է։

Դրա դիմաց առաջարկել են 1200 դրամ։ «Իհարկե, ծանոթս չի գնացել, բայց իրենց թիմից շատերն են գնացել ու շոկի մեջ զանգել ծանոթիս։ Պարզվել է, որ 70 հոգու էդպես տարել են էնտեղ, որ քանակ ապահովեն, քանի որ առաջարկել են իրենց կատարած ծառայությունից հետո մնալ և լսել, մասնակցել ժողովին։ Ժողովը վարել է Տիգրան Ուրիխանյանը, ԲՀԿ-ի հովանավորությամբ և գլխավոր ագռավ Մարոզ Մարգոն։ Պարզվել է, որ չկա ժողով, այլ կա «Ոչ»-ի համար հավաք։ Էս խեղճ ժողովուրդը վիճել, անպատվել ու դուրս է եկել։

Պարզվում է նաև, որ սրանք ամենասկզբում կապվել են Individum ընկերություն, ովքեր զբաղվում են քասթինգներով և այլն, որպեսզի դերասանական խումբ ուղարկեն և օգնեն անապահով զինվորների ընտանիքների խնդիրները բարձրաձայնելու հարցում։ Ընկերությունը անմիջապես մերժել է։

Պետք է ուշադիր լինել, հայրենակիցներ։ Չվստահել ոչ ոքի ոչ մի գումարի դիմաց»,- գրել է օգտատերը։

Այս գրառումը մեծ արձագանք է ստացել համացանցում, որի վերաբերյալ որոշեցինք պարզաբանումներ ստանալ Մարգարիտա Խաչատրյանից։ Մասնավորապես պարզել, թե ինչն է ստիպել հանդես գալ «Ոչ»-ի քարոզչությամբ։

Նա, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց, թե այդ հանդիպման ժամանակ «Ոչ»-ի քարոզ է եղել։ Ասաց, որ հանդիպումը նվիրված է եղել զինհաշմանդամների խնդիրներին։ «Դա սխալ տեղեկություն է, ես ոչ մի նման հավաքների ընդհանրապես չեմ մասնակցում։ Իմը զինվորն է ու բանակը։ Ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը, քարոզչությունը»,- ասաց Խաչատրյանը։ Մեր դիտարկմանը՝ ըստ պնդումների, հավաքը կազմակերպված է եղել այլ նպատակով, սակայն կեսից այն վերածվել է «Ոչ»-ի քարոզչության, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո»-«Ոչ»-ի հարց չի եղել։

Հավաքույթը օրակարգում եղել է զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին հոգաբարձուների խորհրդի կողմից տրվող գումարների խնդրին և զոհվածի ընտանիքների խնդիրը, որ շուրջ մեկ տարի մենք հարցադրում ենք անում կառավարությանը, բայց պատասխան չկա։ Մենք՝ սևազգեստ մայրերս, «Այո»-«Ոչ»-ի հարցով չենք զբաղվում»։

Մեր դիտարկմանը՝ բացի ԲՀԿ խմբակցությունը լքել ցանկացող Տիգրան Ուրիխանյանից, ուրիշ պատգամավորներ ներկա գտնվե՞լ են, Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ, բացի նրանից՝ ուրիշ պատգամավոր չի եղել։ Նրան մենք հրավիրել էինք, որ պատասխանի հարցերի, ես էլ իրեն ասացի, որ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց տա, թե այս խնդիրը ոնց է լուծվելու։ Մեր հավաքույթը սոցիալական շարժում էր, ոչ թե «Այո»-«Ոչ»-ի շտաբ։ Ես առհասարակ որևէ քարոզարշավի չեմ մասնակցում։ Ոչ «Այո»-ի կողմնակից եմ, ոչ էլ՝ «Ոչ»-ի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ