Էրեբունիում կրակոցներ են հնչել. կա 2 վիրավոր


Մարտի 4-ին «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչ՝ հայտնում են Քննչական կոմիտեից:

Ահազանգերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-04-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թ. մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում գործող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցի դիմացով ընթացող «Տոյոտա Քեմրի» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի ետնամասում գտնվող ուղևորը իջեցրել է պատուհանը և իր մոտ գտնվող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մոտ տարածությունից կրակահերթ է արձակել արհեստանոցում և դրա մուտքի մոտ հավաքված մի խումբ անձանց ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել վերը նշված երկու անձինք:

Կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ