«Դուք այն դատավորն եք, որ իշխանության իղձերը պիտի իրականություն դարձնեք»․ Ալումյանը՝ Դանիբեկյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում  է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ինքնաբացարկ հայտնեց Աննա Դանիբեկյանին։ Միջնորդության հիմնավորման մեջ նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պատասխանելով Քոչարյանի վերաբերյալ հարցին, ասել է, թե իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները լինեն Աննա Դանիբեկյանի եւ Արմեն Դանիելյանի նման․

«Իշխանությունները, որոնց համար Դուք ցանկալի դատավոր եք հանդիսանում, բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումն այն մասին, թե ինչպես են ցանկանում տեսնել սույն գործի ընթացքն ու ելքը։ Անմիջապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, վարչապետն ու իր թիմակիցները, անտեսելով իրական փաստերն ու անմեղության կանխավարկածը, սկսել են տարածել ու մինչեւ այժմ տարածում են այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որով պարոն Քոչարյանը ներկայացվում  է իբրեւ հանցագործ։ Վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, 2018-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով պարոն Քոչարյանի լուսանկարը, նշել է՝ դու պետք է փտես բանտում, իսկ քո ընտանիքի վայելքներով լի կյանքը` ընդհատվի։ Վարչապետի մեկ այլ խորհրդական` Նիկոլ Բաղդասարյանը, 2018-ին տեղադրել է պարոն Քոչարյանի լուսանկարը եւ գրել հետեւյալ մեկնաբանությունը․ «Ինչն է իրականում Մարտի մեկի դեպքերի պատճառը՝ ագահությունը, որը դրդում էր ամեն գնով պահել ապօրինի թալանածը, որի մասին, համոզված եմ, դեռ կասվի, որն էլ դարձավ տասը զոհերի պատճառ»։

Հայկ Ալումյանն այնուհետեւ շարունակեց թվարկել՝ ներկայացնելով իշխանության ներկայացուցիչների գրառումները Քոչարյանի վերաբերյալ, ապա ցիտեց Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Մարտի մեկի վերաբերյալ։

Պաշտպանը մեջբերեց նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային գաղտնալսման ձայնագրությունը։

«Դուք այն դատավորն եք, որ իշխանության իղձերը պիտի իրականություն դարձնեք՝ կապված այս գործի հետ, սլաքներն ուղղված են պարոն Քոչարյանի ուղղությամբ։ Ես Ձեզ բացարկ եմ հայտնում եւ միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնել»,-եզրափակեց Ալումյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ