«Ես, իմ ընտանիքը, հայրս, ոչ մի առնչություն չունենք այդ զոհերի հետ»․ Լեւոն Քոչարյան

Լեւոն Քոչարյանը նշեց, որ երբեւէ զոհերի հարազատների հետ չի խոսել, սակայն խնդիր չունի հանդիպելու առումով: «Ես, իմ ընտանիքը, հայրս, ոչ մի առնչություն չունենք այդ զոհերի հետ: Ինձ հետաքրքիր է, թե իրենք փորձե՞լ են այսօրվա վարչապետին հարցեր ուղղել, թե ինչու էր այն ժամանակ մարդկանց կոչ անում զոհվել, ապստամբել, ինչո՞ւ էր հրճվում, երբ ոստիկաններից խլվում էին մահակները, վահանները, ինչո՞ւ էր ասում, որ պետք է ազատվել ղարաբաղցի տականքներից:

Բարոյական առումով այդ հարցի պատասխանը ստացե՞լ են: Միգուցե, հասկանում եմ, որ մեծ մասը, եթե ցույցերին մասնակցել է, ապա այն ժամանակ իշխանություններին ընդդիմադիր է եղել, բայց արդյոք չեն տեսնում ուղիղ կապ զոհեր լինելու հանգամանքի եւ այդ ժամանակ ցույցերի ղեկավարների գործողությունների մեջ»,- ասաց Լեւոն Քոչարյանը:

Նրա խոսքով, մարդկանց տրամադրությունները վերջին շրջանում շատ է փոխվել: «Նույնիսկ իմ շրջապատում կարող էին լինել մարդիկ, որ գուցե լավ չպատկերացնեին՝ ինչ է կատարվել, մտածեին, որ միգուցե ինչ-որ տեղ մեղավորության բաժին կա, բայց այս երկու տարին լավագույնս են ցույց տալիս այն անցած տարիների բազմաթիվ կեղծիքները, որ արվել են եւ սլաքներ են ուղղվել մեր ընտանիքի հանդեպ: Այս երկու տարին ցույց է տալիս այդ ամենի կեղծ ու սուտ լինելը»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ