Բացառիկ էնդոսկոպիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում

Հայաստանում կատարվել են էնդոսկոպիկ բացառիկ վիրահատություններ։ Դրանք կատարել է հայտնի ռուս բժիշկ, Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության և անհետաձգելի բժշկության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սմիրնովը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների հետ համատեղ:

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնի ղեկավար Արման Պետրոսյանի հետ Ալեքսանդր Սմիրնովը կատարել է Հայաստանում եզակի վիրահատություններ այն հիվանդներին, որոնց ախտորոշված է ախալազիա, էզոֆագոսպազմ, ցենկերի դիվերտիկուլ։
Այս հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, օրինակ, կերակրափողի ախալազիան 100 000 մարդուց միայն մեկի մոտ է ախտորոշվում:

Հայաստանում այս հիվանդությունների վիրահատություն առաջին անգամ 4 տարի առաջ է կատարվել՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Պետերբուրգից ժամանած բժիշկի մասնակցությամբ: 4 տարվա մեջ միայն 8 վիրահատություն է արվել, ևս 2 վիրահատություն Ալեքսանդր Սմիրնովը կանի այս այցի ընթացքում:

«Այստեղ իմ ընկերներն են աշխատում, ես արդեն 4-րդ անգամ եմ գալիս Հայաստան: Այս կլինիկայում լավ սարքավորումներ ու մասնագետներ կան, շատ լավ են աշխատում, կեցցեն նրանք: Իմ այցի ընթացքում ես փոխանցում եմ իմ ունեցած փորձը: Այստեղ բոլոր նախադրյալները կան, իսկ բժիշկներն էլ տարեցտարի զարգացնում են իրենց հմտությունները»,- ասաց Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության և անհետաձգելի բժշկության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սմիրնովը

Ստուգումն իրականացում է էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտության միջոցով, որից հետո արդեն միջամտությունն արվում է առանց կտրվածքների ու բաց վիրահատության:
3 օրով Հայաստան ժամանած ռուս բժիշկը վիրահատություններից բացի, նաև դասախոսություններ կկարդա հայ բժիշկների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ