Երբ կսկսվի հոկտեմբերի 27-ի բացահայտումը, ես իմ արխիվից մի փաստաթուղթ կտամ նախաքննական մարմնին

— Դուք գիտե՞ք՝ Վազգեն Սարգսյանին հրամցված այդ ցուցակում ում անուններն են եղել։

— Երբ կսկսվի հոկտեմբերի 27-ի բացահայտումը, բնականաբար, ով ինչ տեղեկություն ունի, պարտավոր է ներկայացնել նախաքննական մարմնին։ Ի պաշտոնե ես ինչ-որ բաներից պարտավոր էի տեղյակ լինել, որովհետեւ այդ ժամանակ իմ գլխավորությամբ հակակոռուպցիոն խումբ էր աշխատում, որում ներգրավված էին շատ արժեքավոր անձինք։

Մենք չորս ամսում հասցրել ենք կոռուպցիայի դեմ պայքարի իրավական փաստաթուղթ մշակել, որը ես անպայման կհանեմ իմ արխիվից եւ կտրամադրեմ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ժամանակ։ Այդ ժամանակ մենք հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում Հարավային Աֆրիկայում էինք, Վազգենն էլ շատ ոգեւորված էր դրանով, որ հիմա մեր խումբը կգա, կտեսնեն՝ ինչ ծավալի գործընթաց ենք սկսել։

Վ․ Սարգսյանը գիտեր՝ ինչ ենք անելու, մենք էլ գիտեինք՝ ինչ ծավալի աշխատանք ունինք։ Շատ լավ փաստաթուղթ էր, որ եթե դրվեր գործողության մեջ, այսօր մենք կունենայինք ավելի որակյալ տնտեսություն, եւ այդ քրեաօլիգարխիկ համակարգը չէր դառնա իշխանություն։ Իշխանությունն այս ընտրություններով արդեն վերադարձվել է ժողովրդին, հիմա եկել է մյուս հարցերը լուծելու ժամանակը, եւ ժողովրդին վերադարձնելու այն, ինչ ինքը ցանկանում է ունենալ՝ արդարություն եւ հավասարություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ