73-ամյա թոշակառու Նաիրա Կարապետյանը «ոչ»-ի ճամբար է ձևավորել

Երեկ «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել 73-ամյա թոշակառու Նաիրա Կարապետյանը, որը մեզ տեղեկացրեց, որ իր ընկերուհիների, հարևանների և բարեկամների հետ «ոչ»-ի ճամբար է ձևավորել և հանրաքվեին բոլորով գնալու են և քվեարկելու են «ոչ»-ի օգտին։

Հարցին, թե ինչո՞ւ է որոշել «ոչ»-ի օգտին քվեարկել, թոշակառուն ասաց, որ պատճառը իր շատ ցածր՝ 37 հազար դրամ թոշակն է, մինչդեռ ինքը շուրջ 21 տարի Նորքի դպրոցում աշխատել է որպես մանկավարժ․

«Ես ինչքա՞ն կարող եմ գումար մուրալ, ես ուսուցիչ եմ եղել, ուսմասվար եմ եղել։ Ես ուզում եմ հարցնել՝ այդքան պատգամավորների մեջ մի հոգի չկա՞, որ սիրտ ունենա, ջիգյար ունենա, խիղճ ունենա, որ ասի մեղք են։

Ես 34 հազար դրամ թոշակ էի ստանում, ասացին, որ բարձրացնելու են, ընդամենը 3 հազար դրամ են բարձրացրել, ես դրանով ի՞նչ անեմ, մենակ դեղերին 80 հազար դրամ եմ տալիս։ Ինչպե՞ս է ստացվում, որ նախարարների աշխատավարձը կրկնապատկվում է, իսկ իմ թոշակը ընդամենը 3 հազար դրամով է ավելանում, ինչպե՞ս է, որ Արսեն Թորոսյանը ստանում է տասնյակ հազարավոր դոլարներ, իսկ ես 3 հազար դրամ, չէ՞ որ ես էլ եմ մայր, ես էլ եմ մարդ լույս աշխարհ բերել։ Այսքանից հետո մի հատ էլ երգ են գրում»,- ասաց թոշակառուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ