Շամշյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է.

 

«Հարգելի պարոն Փաշինյան,

վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում նաև՝ մահվան ելքով: Երբ ձեր կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց, որպեսզի վարորդների նկատմամբ լինեն ներողամիտ, մտածեցինք, որ տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում: Սակայն, ցավոք, որոշ վարորդներ ճիշտ չեն հասկացել ձեր բարի մտադրությունը:

Մեծարգո վարչապետի պաշտոնակատար, խորհրդային տարիներին հանրապետությունում գործում էին Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետեր, ժողովրդի լեզվով ասած՝ ԳԱՅ-ի պոստեր: Նմանատիպ պահակետերին ժողովուրդը անուններ էր կնքել՝ Նորագավիթի ԳԱՅ-ի պոստ, Աշտարակի ԳԱՅ-ի պոստ, Սևանի ԳԱՅ-ի պոստ, Կիրովականի ԳԱՅ-ի պոստ: Եթե դուք ծանոթանաք ԽՍՀՄ տարիների վիճակագրական տվյալներին, կհամոզվեք, որ այդ «պոստերի» գոյությունը մեծ նշանակություն է ունեցել ավտովթարների կանխման և նախականխման գործում:

Դրանք շատ վարորդների համար եղել են զսպաշապիկ, քանի որ վարորդները իմանալով, որ այդ «պոստերը» գործում են, և հարբած վարելու դեպքում կարող են բռնվել ճանապարհային ոստիկանի կողմից, նրանք ավտոմեքենան վարում էին սթափ և ոչ արագ: Վերջին տարիներին, չգիտես ում հրահանգով (իմ տեղեկություններով, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի թեթև ձեռքով) վերացվեցին Աշտարակի, Հրազդանի և Նորագավիթի «ԳԱՅ-ի պոստերը»:

Իսկ ԱԽՔ-ի արարքի մոտիվացիան, հարգելի պարոն Փաշինյան, եղել է այն, որ ճանապարհային ոստիկանները երթևեկության կանոնները խախտելու համար փորձել են կանգնեցնել նրա եղբորը և միայն «ԳԱՅ-ի պոստի» մոտ շուրջկալի արդյունքում կարողացել էին կանգնեցնել ավտոմեքենան ու այն տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ժողովրդի լեզվով ասած, Ա. Բաղդասարյանը՝ «վառված» լինելով ՃՈ աշխատակիցների օրինական գործողություններից, հասավ նրան, որ այդ «պոստերը» փակվեցին: Նա անգամ մեջբերում էր «եվրոպաների» փորձը, մինչդեռ եվրոպական գրեթե բոլոր երկրների ճանապարհներին գործում են ՃՈ անշարժ պահակետեր: Եվ դրանք հագեցված են ժամանակակից լավագույն տեխնոլոգիայով: Վերջին ամիսներին ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել նաև մի քանի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ:

Դրանցից ամենաողբերգականը տեղի ունեցավ ընդամենը օրեր առաջ Նորագավիթում: Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել էր երկաթե ցանկապատերին, այնուհետև հայտնվել չգործող ՃՈ անշարժ պահակետի մոտ: Պատահարի արդյունքում, ցավոք, արձանագրվեց 4 զոհ: Հավատացած եմ, որ այս վթարը տեղի չէր ունենա, եթե ՃՈ անշարժ պահակետը գործեր:

Բազմաթիվ անգամներ եմ լսել, որ վարորդները մեկը մեկին փոխանցում են ասելով՝ ախպերս, խմած ու արագ չքշեք, քանի որ Սևանի ու Աբովյանի «ԳԱՅ-ի պոստերի» մոտ ԳԱՅ-ին դուրսը կայնած ա: Սա նշանակում է, որ դա նաև կանխարգելիչ և զգուշացնող նշանակություն ունի, մենք այսօր ճանապարհներին «ԳԱՅ-ի պոստերից» ուժեղ զենք չենք ունենա՝ մահացու, ողբերգական դեպքերից խուսափելու համար:

Հարգելի պարոն Փաշինյան,

Ձեզ եմ ուզում դիմել խնդրանքով, ու վստահ եմ, որ Դուք կարող եք Արթուր Բաղդասարյանի եփած ճաշը դեն նետել, և մարդկանց կյանքը գնահատող ձեր գործընկերների հետ ուսումնասիրեք իմ բարձրացրած խնդիրը:

Ես վստահ եմ՝ Դուք ինձանից պակաս չեք մտածում մարդու կյանքի մասին որպես արժեք և կարճ ժամանակում արդյունավետ քայլեր կձեռնարկեք, ինչպես նաև կհանձնարարեք Ոստիկանությանը, որպեսզի վերականգնեն Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետերի գործունեությունը:

Հավատացեք, որ այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր եք փրկելու: Ձեր ժամանակը չծանրաբեռնելու համար, այնուամենայնիվ ներկայացնում եմ մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին ժողովրդին հայտնի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ