«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից, Փաշինյանը կմիանա մարտի 10-ից

«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից: Վարչապետը լինելու է ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում: Երեւանում քարոզչությանը նվիրելու ենք 4 օր: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՏԿԵ նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին միանալու է մարտի 10-11-ը:

Հարցին, թե քարոզարշավի ընթացքում Երեւանում մեծ հանրահավաք նախատեսվում է, Պապիկյանը պատասխանեց, որ այդպիսի որոշում դեռեւս չկա:

Շտաբի պետը մանրամասնեց, որ իրենք ամեն օր տասը սպրինտերներով՝ փոքրիկ միկրոավտոբուսներով, որոնց վրա կլինի «ԱՅՈ»-ի քարոզչական լոգոն, խմբով շրջելու են գյուղերում՝ հանդիպելով ընտրողների հետ՝ նրանց ներկայացնելով հանրաքվեի հարցի էությունը, ենթատեքստը.

«Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց: Հիմա չեմ բացի՝ ովքեր կլինեն այդ խմբի մեջ: Բեմ-մեքենաներով կլինենք հանրապետության բոլոր քաղաքներում, այլ բնակավայրերում: Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքենաները, կլինեն նաեւ հանրահավաքներ: Մենք շեշտադրումն արել ենք վերջին մեկ ամսվա վրա»:

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցի՝ Պապիկյանն անդրադարձավ նաեւ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ «ՈՉ»-ի շտաբից փորձել են գնալ քաղաքացիների տուն ու գումար առաջարկել: Նա նշեց, որ չի կարծում, թե «ԱՅՈ»-ի շտաբը պետք է քայլեր ձեռնարկի՝ նման դեպքերը բացառելու համար.

«ՀՀ-ում կա իրավապահ համակարգ, դա իրավապահների պարտավորությունն է: Այդ գրառման մեջ ինձ էլ էին նշել, ես դա ուղարկել եմ իրավապահներին, կպարզեն: Մանավանդ այս փուլում հարյուրավոր նման հայտարարություններ կարող են լինել, պետք է բոլորի հետեւից գնալ ու պարզել՝ դա իրականություն է, թե ոչ»: Պապիկյանը կարծում է՝ կա «ՈՉ»-ի ընդհատակյա շտաբ, եւ նրանց բոյկոտի կոչը շատ ավելի վատ երեւույթ է, քան դուրս գալ ու ասել «ՈՉ»-ի հիմնավորումները.

«Բոյկոտի հեղինակներն ու ջատագովները շատ ավելի մեծ վնաս են հասցնում քաղաքացուն եւ քաղաքացու գիտակցությանը»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ