Սոնա Աղեկյանն ԱԺ ամբիոնի մոտ խունկ վառեց

ԱԺ-ում այսօր դատավորների վեթինգի մասին խորհրդարանական լսումների առիթն օգտագործելով` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանն անդրադարձավ այլ հարցերի: Մասնավորապես խոսեց Ստամբուլյան կոնվենցիայի մասին, իսկ երբ անսպասելի կրակ վառեց, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց նրան.

«Ես ներողություն եմ խնդրում, խնդրո´ւմ եմ անվտանգության աշխատակիցներին մտնել ներս, խնդրո´ւմ եմ դադարեցնեք …»:

Սոնա Աղեկյանը շարունակեց.

«Քանի որ պղծված է ԱԺ ամբիոնը, ես հիմա խնկարկում եմ անում և ամբիոնը մաքրում այն պղծություններից, որը կատարել է «տրանսգենդեր» կոչվող անձը, ես հետևել եմ անվտանգության կանոններին, և քանի որ ԱԺ-ում մեր մանուկներն են…»,- խոսում էր նա:

Վլադիմիր Վարդանյանը ստիպված եղավ կոչ անել անջատել խոսափողը, բայց սա էլ չօգնեց, նա շարունակեց խունկ վառել:

«Շնորհակալությո´ւն, տիկի´ն Աղեկյան, խնդրո´ւմ եմ անվտանգության աշխատակիցներին հանգցնել, ես պետք է խնդրեմ դուրս գալ նիստերի դահլիճից և հանգցնել, հարգե´ք հակահրդեհային կանոնները»,- ասաց Վարդանյանն ու հավելեց.

«Քանի որ ամբիոնն արդեն խնկարկված է, հրավիրում եմ այստեղ Սուրեն Գրիգորյանին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ