«Ոստիկանությունն այն ժամանակ ինձ չէր ենթարկվում, այդպիսի լիազորություն ես չունեի». մեղադրյալ Քոչարյան

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։ Դատարանը կողմերին ամփոփիչ հայտարարությունների հնարավորություն է տվել, որից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ, ըստ պաշտպանական թիմի, Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված, ունի որոշակիության շատ ցածր աստիճան և սահմանադրականության անհամապատասխանության հավանական բարձր հատկանիշ:

Պաշտպանական կողմի հիմնավորումները Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին կառուցվել են մի քանի հիմնական փաստարկների վրա: 2008 թվականին, երբ Մարտի 1-ի ողբերգական դեպքերը տեղի ունեցան, ՀՀ Քրեական օրենսգրքում կար 300 հոդվածը՝ իշխանությունը տապալելու մեղադրանքով, որի կետերից մեկը սահմանադրական կարգի տապալումն էր:

Որպես առանձին՝ 300.1 հոդված, սահմանադրական կարգի տապալումը օրենսգրքում ավելացել է ավելի ուշ՝ 2009-ին, դեռևս այն ժամանակ  դատախազությունը դա գնահատել է որպես անձի վիճակը վատթարացնող նորմ, որը չի կարող հետադարձ ուժ ունենալ: Այդ հոդվածը պարունակում է նոր հանցակազմ և իրավական տեսանկյունից որոշակի չէ, նշել է Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանական կողմի մյուս  փաստարկն այն է, որ այս քրեական գործի հանգամանքները նույնական են հայտնի «7-ի գործի» հետ: Ուստի, եթե այն գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով և ամբաստանյալների նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը,  այս դեպքում ևս պետք է նույն մոտեցումը լինի: Տուժողի  իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, որ իր պաշտպանյալները տուժել են Սահմանադրական կարգի տապալման հետևանքով, և 2008-ին ոստիկանությունն ամբողջովին եղել է նախագահի ղեկավարության տակ:

«Իմ պաշտպանյալը տուժել է «Չերյոմուխա 7» կիրառելու արդյունքում, և հազիվ է նրա կյանքը փրկվել: «Չերյոմուխա» կիրառողները ենթարկվել են ոստիկանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը նկատեց.

«Ծանոթացե՛ք այդ Սահմանադրությանը, որով նախագահի լիազորությունները սահմանափակվում էին զուտ պետության գլուխ լինելու հանգամանքով: Եվ նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար հասարակական կարգի պահպանման և այլն, և այլն: Դա կառավարության գործառույթի մեջ էր: Ամբողջովին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ