«Պատմական օր է այսօր. հերոսների դատեր են ընթանում». Վահան Բաբայան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավարության մեկնարկին դատավոր Վահե Միսակյանը 2 կողմից ճշտեց, թե արդյոք վերջիններս առարկում են լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման դեմ:

2 կողմն էլ չուներ առաջարկություն, հետևաբար, դատարանի որոշմամբ, հաջորդ նիստերը ևս բաց կլինեն լուսաբանման համար:

Ըստ դատական նիստի ընթացակարգի` դատարանը նաև ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Ինքնությունների ճշտման ընթացքում պաշտպան Ամրամ Մակինյանը հանդես եկավ առարկությամբ` մասնավորապես նշելով, որ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներից փաստեր են պակասում քրեական գործում.

«Ինչո՞ւ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը 1989թ. ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, արդյո՞ք կարևոր չէ այդ փաստը, և պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի։ Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիայի վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը մոռացե՞լ է քննիչը, մի՞թե սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա: 1994թ. զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա կարևոր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, քննիչն այդ մոռացե՞լ է»։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը, պատասխանելով Մակինյանի հարցադրումներին, նշեց, որ քրեական գործում նշվել են այն հանգամանքները, որոնք քրեական գործի համար ունեն կարևոր նշանակություն։

Հիշեցնենք, ըստ պաշտոնական մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարի՝ 489 մլն դրամի հափշտակության կազմակերպման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ