Երևանի սոցիալական աջակցության 12 տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել

Երևանի սոցիալական աջակցության 12 տարածքային բաժինների տրամադրվել է երկուական պլանշետ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար։ Պլանշետներն անձամբ հանձնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգում են սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու մասնագիտական կարողությունների բարձրացումը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև դեպքի վարման տեղեկատվական համակարգը, որի հիմնական նպատակը սոցիալական կարիքի գնահատման արդյունավետության բարձրացումն է:

«Նախարարության նախաձեռնած բոլոր բարեփոխումներն ու գործընթացները վաղուց հասարակական լուրջ պահանջարկ ունեն: Խոսքը կարիքի միասնական գնահատման համակարգի ստեղծման, կարիքի վրա հիմնված ծառայությունների հասցեականության և այդ ծառայությունների արդյունավետ տրամադրման մասին է։ Մենք այսօր չունենք համապարփակ տեղեկատվական բազա՝ քաղաքացու սոցիալական խնդիրների ու կարիքների մասին, մյուս կողմից՝ այն ծառայությունները և ծրագրերը, որոնք տրամադրվում են այդ կարիքներին համապատասխան, դարձյալ փոխկապակցված չեն։ Դեպքի վարման միասնական տեղեկատվական համակարգը թույլ կտա, որպեսզի մենք կարողանանք դրանք դարձնել փոխկապակցված և արդյունավետ»,- նշել է Զարուհի Բաթոյանը։

Պլանշետները առաջիկայում տրամադրվելու են նաև բոլոր մարզային սոցիալական աջակցության տարածքային բաժիններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ