Իրանցի պատգամավորը հայտնել է կորոնավիրուսից 50 զոհի մասին՝ մեղադրելով իշխանություններին

Իրանում կորոնավիրուսի 61 վարակակիրներից 12-ը մահացել է: Սա Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալն է: Սակայն Իրանի խորհրդարանի պատգամավոր, Ղոմ քաղաքի ներկայացուցիչ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին հայտարարել է, որ զոհերի թիվը փետրվարի 23-ի դրությամբ եղել է 50:

Associated Press-ի փոխանցմամբ՝ Ֆարահանին նաև հայտնել է, որ Ղոմում կարանտինի է ենթարկվել ավելի քան 250 մարդ:

«Կարծում եմ՝ կառավարության գործողությունները վիրուսը վերահսկելու հարցում արդյունավետ չեն եղել: Բուժքույրերից ոչ ոք համապատասխան պաշտպանիչ հանդերձանք չունի: Ես որևէ կոնկրետ գործողություն չեմ տեսել վարչակազմի կողմից՝ ուղղված կորոնավիրուսին դիմակայմանը»,- հայտարարել է պատգամավորը:

Իրանի Առողջապահության նախարարության խոսնակ Իրաջ Հարիրչին հերքել է օրենսդրի ներկայացրած տվյալները՝ հայտնելով, որ զոհերի թիվը 12 է:

«Ոչ ոք իրավունք չունի նման լուրեր քննարկել»,- ասել է Հարիրչին՝ հավելելով, որ օրենսդիրները չեն տիրապետում կորոնավիրուսի վիճակագրությանը և կարող են խառնել այլ հիվանդություններից, օրինակ՝ հարբուխից մահացության դեպքերը նոր վիրուսից մահացության դեպքերի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ