Չեզոք դիրք ընդունած ընդդիմությունը սպասարկում է «ՈՉ»-ի օրակարգը

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանրամասն անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ներկայացրեց այդ քայլին դիմելու իշխանության դրդապատճառները։ Ձեզ բավարարեցի՞ն այն հիմնավորումները, որոնք ներկայացնում էր ՆիկոլՓաշինյանը։

-Այո, ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկները համոզիչ են. ի վերջո, պետք է գործող Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, ինչին ուղղակիորեն խոչընդոտում է գործող Սահմանադրական դատարանը։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանն իրավացի է այն հարցում, որ եթե չարվեն այս փոփոխությունները, ապա մենք մինչև 2035 թվականը չենք ունենա ամբողջությամբ գործող Սահմանադրություն։

-Այդուհանդերձ, ինչո՞ւ այս փոփոխությունները չկատարվեցին Ազգային ժողովի միջոցով։ Եթե դա հնարավոր էր ու իրավականորեն ընդունելի՝ինչո՞ւ իշխանությունը գնաց հանրաքվեի դիմելու քայլին, որը ենթադրում է ռեսուրսների մեծ ծախս, քաղաքական, հանրային լարվածություն։

-Այո, այս փոփոխությունները կարող էին կատարվել խորհրդարանի միջոցով, իշխող խմբակցության միջոցով, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ։ Չափազանց կարևոր եմ համարում, որ այս սկզբունքային հարցի վճռումը հանձնվել է հասարակության դատին՝ ամենաիրական սահմանադրին։

Այս հանրաքվեն ունի ևս մեկ կարևոր ուղերձ՝ ուղղված Սահմանադրական դատարանի ապագա անդամներին։ Այսօրվա իրադարձությունները որպես օրինակ ունենալով՝ նրանք պետք է գիտակցեն, թե ինչ է լինում սահմանադրական դատարանի հետ, երբ այն ժողովրդավարության պաշտպանից վերածվում է առանձին վերցրած մեկ կուսակցության պաշտպանի։

-Այսինքն՝ ըստ ձեզ՝ այս հանրաքվեն շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան զուտ Սահմանադրական դատարանի գործող կազմի խնդրի լուծո՞ւմը։

-Միանշանակ։ Եթե խնդիրը լիներ զուտ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը, ապա ես համաձայն եմ ձեզ հետ՝ կարելի էր այն լուծել Ազգային ժողովի միջոցով։ Բայց ես խորապես համոզված եմ, որ այս հանրաքվեն ունի շատ ավելի խորքային ու համակարգային նշանակություն, քան սոսկ ՍԴ գործող կազմի փոփոխությունը։ Լայն իմաստով, այս հանրաքվեն պետք է ուղղված լինի երկրում ժողովրդավարության պաշտպանությանն ու կայացմանը։

Միայն այդ դեպքում խնդիրը հանրաքվեի միջոցով լուծելու մարտավարությունը կարող է արդարացված լինել։ Գործող Սահմանադրական դատարանը ուղղակիորեն խոչընդոտում է երկրում արմատական բարեփոխումների իրականացմանը, գլոբալ առումով՝ հեղափոխական օրակարգի իրացմանը, ինչից ուղղակիորեն բխում է, որ այն վտանգ ու խոչընդոտ է հանդիսանում ժողովրդավարության համար։

Հետևաբար, հանրաքվեի գնալու դրդապատճառները ևս պետք է դասել ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված քայլերի շարքին։

-Նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև սուպերվարչապետական համակարգի մասին՝ հայտարարելով, որ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետություն չի կարող լինել։ Համամի՞տ եք այդ թեզի հետ, արդյո՞ք ժողովրդավարությունն ի զորու է չեզոքացնելու սուպերվարչապետության վտանգները։

-Իրականում, մակերեսային ընկալմամբ, Փաշինյանի ասածները գուցե համոզիչ են։ Նկատի ունեմ նաև իր բերած այն օրինակը, որ եթե լիներ սուպերվարչապետություն,ինքը մեկզանգով ԱԺ-ում կլուծեր Սահմանադրական դատարանի խնդիրը։ Բայց խորքային առումով այս տրամաբանությունը համոզիչ չէ։

Քանի որ սուպերվարչապետությունն ինքնին՝ որպես համակարգ, որպես ինստիտուտ, հակոտնյա է ժողովրդավարությանը։ Գործող սուպերվարչապետության համակարգում ամեն ինչ մեծապես կախված է անձից՝ այդ պահին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից։

Գուցե Նիկոլ Փաշինյանը, լինելով ավելի ժողովրդավարական, չի օգտագործում այն հնարավորությունները, որոնք տալիս է սուպերվարչապետական համակարգը։ Բայց մեր խնդիրը անձերը չեն։ Իսկ ի՞նչ կլինի վաղը, եթե այդ պաշտոնը զբաղեցնի պակաս ժողովրդավար մեկը։

Ի վերջո, չմոռանանք, որ սուպերվարչապետությունը մշակվել էր Սերժ Սարգսյանի անձի համար, որն ամբողջությամբ հակաժողովրդավարական կերպար էր։ Այնպես որ, պետք է մտածել սուպերվարչապետությունը վերացնելու ինստիտուցիոնալ, համակարգային լուծումների մասին, որոնց արդյունքում ամեն ինչ կախված կլինի ոչ թե անձից ու նրա որակներից, այլ համակարգի ներքին տրամաբանությունից ու մեխանիզմից։

Ես հույս ունեմ, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կանդրադառնա այս հարցերին և ապագայում, երբ պատրաստ կլինի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, մենք կունենանք սուպերվարչապետությունը համակարգային, ինստիտուցիոնալ առումով զսպող նախագիծ։

-Ինչպե՞ս եք գնահատում գործող ընդդիմության, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության դերակատարումը ընթացիկ քաղաքական գործընթացներում, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների հարցում ընդդիմության որդեգրած չեզոք դիրքորոշումը։

-Ես կարծում եմ, որ լայն առումով մենք այսօր ընդդիմություն չունենք, քանի որ դժվար է ընդդիմություն համարել ուժերին, որոնք չեն մասնակցում պետության համար այնպիսի կարևորագույն նշանակություն ունեցող գործընթացին, ինչպիսին սահմանադրական հանրաքվեն է։

Իրականում նրանք, չեզոք դիրքորոշում արտահայտելով, ուղղակի կամ անուղղակի կերպով սպասարկում են ՈՉ-ի օրակարգը՝ իրենց այդ վարքագծով տորպեդահարելով ապագայի, վաղվա օրվա օրակարգը։ Իսկ այդ օրակարգը տորպեդահարող գրասենյակն այսօր հենց Սահմանադրական դատարանն է, որին էլ իրենց չեզոքությամբ աջակցում են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Գլոբալ առումով, ես ընդդիմության, իրական ընդդիմության բացակայությունը համարում եմ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, որովհետև, առանց կենսունակ ու առողջ ընդդիմության, պետությունը չի կարող զարգանալ։

Եվ այս առումով, կայացած ընդդիմության գոյության մեջ պետք է շահագրգիռ լինի առաջին հերթին իշխանությունը՝ գիտակցելով, որ, առանց ընդդիմության ակնդետ վերահսկողության, չեն կարող իրականացվել երկրի համար այդքան կարևոր արմատական բարեփոխումները։ Այս առումով, ես համարում եմ, որ ապրիլի 5-ի հանրաքվեն նաև քաղաքական դաշտի լյուստրացիա էր. հասարակությունը տեսավ՝ ով ով է, և ով որտեղ է։ Իսկ դա նշանակում է, որ հանրաքվեից հետո տեղի է ունենալու քաղաքական դաշտի նոր սեգմենտավորում, գիծ է քաշվելու անցյալի ու ապագայի ուժերի միջև, և բոլոր այն ուժերը, որոնք այսօր լռությամբ կամ ինչ-ինչ գործողություններով սպասարկում են անցյալի, ռևանշի օրակարգը, հայտնվելու են քաղաքական աղբանոցում։

Նյութի աղբյուր՝ Ժողովուրդ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ