«Ես պատրաստ եմ դուրս գալ ու մի տրակտոր վերցնել, ամբողջ քաղաքն ազատել այդ լկտի շինություններից»․ Իսպիրյան

Փաստացվի ստացվում է, որ նախկին բարձրաստիան պաշտոնյաների կողմից համայնքային հողերը զավթվել են, ո՞րն է այս խնդրի լուծումն ըստ ձեզ։

Քաղաքապետարանը ջանասիրությամբ աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ 6000 քմ զավթված տարածքներ հետ են բերվել, համայնքին են վերադարձվել։ Խոսքը հատկապես մանկապարտեզերի, դպրոցների շենքերի, խաղահրապարակների տարածքների մասին է, հետ են բերվել և հետ են բերվելու։ Իսկ այս դեպքում քաղաքապետն ու ավագանու անդամները երևի որոշում կայացնեն։ Ես միշտ ասել եմ՝ թող այդ անձինք գան մեր աչքերին նայեն, ասեն՝ ինչո՞ւ են զավթել, լինելով պաշտոնյա մարդ՝ ինչպե՞ս կարողացավ ինքը օրենքը խախտել ու զավթել այդ տարածքները։ Եվ խոսքը միայն Հովիկ Աբրահամյանի մասին չէ, հիմա մենք իր անունն ենք տալիս, բայց շատ այլ մեծ դղյակներ էլ կան՝ էլի խախտումներով կառուցված։ Մենք գիտենք, թե նախկինում ոնց է եղել, բայց ամենակարևորն այն է, որ այսուհետ այդպես չի լինելու։

Հնարավո՞ր է քանդվեն այդ դղյակները։

Ես չգիտեմ՝ ինչ որոշում կկայացվի, որովհետև այդ բետոնային կառույցները քանդելը բավական մեծ խնդիրներ կարող է առաջացնել։ Եթե նույնիսկ այսուհետ չթույլատրվեն այդպիսի ապօրինությունները, իրավիճակը կփոխվի։ Իսկ ես հաստատ գիտեմ, որ քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը շատ ազնիվ են այդ հարցում, իսկ ավագանին ամեն քմ համար խիստ է, մանավանդ հիմա, երբ սկսում ենք նոր ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը։ Երևանում կանաչապատման շատ մեծ ծրագիր է սկսվում։

Ես նոր եմ վերադարձել Թել Ավիվից, 30 տարվա ընթացքում Թել Ավիվն անապատից վերածվեց աշխարհում 7-րդ կանաչ քաղաքի։ Երկրի իշխանություններն ամեն ինչ անում են մարդկանց առողջության ու ժամանցի համար։ Իսկ մենք 30 տարում մեր կանաչապատ դրախտն ավերեցինք, դարձրեցինք բետոնապատ մի տգեղ տարածք։

Կանաչապատման այդ ծրագրին, իմ կարծիքով, պետք է մասնակցեն նաև նախկին քաղաքապետերը, կանաչապատման հագուստներ հագնեն ու իրենց թիմով աշխատեն։ Իրենք պետք է ամբողջ կյանքում ծառ տնկնեն, ներդրումներ, նվիրատվություններ անեն։ Հիմա նվիրատվությունների մասին օրենքներ են ընդունվում, թող բերեն նվերներ տան համայնքին, մենք սիրում ենք նվերներ ընդունել։

Իսկ բացառվո՞ւմ է այն տարբերակը, որ այդ դղյակները կօրինականացվեն։

Ես ինքս բացառում եմ և դեմ եմ արտահայտվելու այդպիսի նախաձեռնության։ Մարդիկ, ովքեր զբաղեցրել են բարձր պաշտոններ՝ քաղաքապետ, թաղապետ, ԱԺ նախագահ, Տարածքային կառավարման նախարար, իրենք ամենամեծ ապօրինություններն ու խախտումներն են արել։ Չգիտեմ, եթե օրինակ ինչ-որ այգի կգնեն կնվիրեն համայնքին կամ կհամաձայնեն 300 հազար ծառ տնկել ինչ-որ տարածքում, գուցե քաղաքային իշխանությունները զիջումների գնան։ Բայց դիմել ու ուզենալ, որ իր անօրինական շինությունն օրինականացվի, ես բացառում եմ։ Ես կարծում եմ՝ մենք լավ ենք պրծել, եթե մի հինգ տարի էլ նրանք իշխանություն լինեին, երևի արդեն հրապարակի մեջտեղում շինություններ կկառուցեին։ Եվ իրենց դեմ ոչ ոք չէր խոսի։

Այս տարվանից մենք պետք է սկսենք մաքրել ու ջնջել նախկին բոլոր սխալները, ամեն վատը, կիսատը։ Ես պայքարելու եմ նաև, որ շինանյութի շուկան, որը մեր ամոթն ու խայտառակությունն է, կարգավորվի, այդ սեփականատերը հարյուր տարի վարձերը հավաքում է, բայց մեկ դրամի ներդրում չի անում այդտեղ, փնթի ու խոզ վիճակ է։ Շատ օրենքներ կան, որ խանգարում են մեզ, բայց ես պատրաստ եմ դուրս գալ ու մի տրակտոր վերցնել, ամբողջ քաղաքն ազատել այդ լկտի շինություններից։

Շատ կարևոր է նաև, որ մենք այսօր այնքան պինդ ավագանի ունենք՝ սուր աչք ունեցող, որ ցանկացած խնդիր ֆիքսում են։

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ