«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ Մարտի 1-ի դեպքերով:
Այս հանձնաժողովների ստեղծումը ուղղակի վտանգ է ներկայացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և մյուս ապօրինի հարստացածների համար:
Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է լինելու Հայաստանի գազմատակարարման ցանցը Ռուսաստանին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառողներին վաճառելու ու առաջացած գումարները յուրացնելու գործարքը, որն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: Ինչպես նաև Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տարածքներում բիզնեսներ կառուցելու օրինականության հարցը:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով հանձնաժողովին, ապա այդ հանձնաժողովը հիմա կարող է ավելի արդյունավետ աշխատել, եթե նկատի ունենանք, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամենալավն է տեղեկացված օլիգարխների և նրանց թիկնազորի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին»: