«Սերժ հերոս»՝ «Դերժավայի Արկադին» աջակիցնե՞ր կապահովի Սերժ Սարգսյանի համար

NewArmania․am-ն տեղեկություն է ստացել ՀՀԿ-ական գործարար Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա» ընկերության աշխատակիցներից, որ Արկադի Համբարձումյանն իր աշխատակիցներին ստիպում է մասնակցել փետրվարի 25-ին մեկնարկող Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործով դատավարությանը՝ նրան աջակցելու նպատակով: Աշխատակիցների առաքելությունը լինելու է դատարանի բակում կանգնելն ու «Սերժ հերոս» գոռալը: Թերևս այն մոտիվով, թե ինչով է Սերժ Սարգսյանը պակաս Ռոբերտ Քոչարյանից:

Տեղեկության առթիվ անձամբ Արկադի Համբարձումյանի հետ չհաջողվեց խոսել, նրա հեռախոսն անջատված էր: «Դերժավա» ընկերության տնօրեններից Մարինե Հովակիմյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե առաջին անգամ է նման բան լսում: Դիտարկմանը, թե իրենց աշխատակիցներից է այդ ինֆորմացիան դուրս եկել, պատասխանեց. «Ես չեմ կարող իմ ամեն աշխատակցի ինֆորմացիան ստուգել և 6-ից հետո տեսնել՝ իրենք ինչեր են անում և ինչ ինֆորմացիա են տալիս: Ես ասում եմ որպես տնօրեն՝ մենք նմանատիպ ոչ մի խոսակցություն չունենք, մեր հիմնարկությունը քաղաքականությամբ չի զբաղվում»:

Հետաքրքվեցինք, թե հնարավո՞ր է Արկադի Համբարումյանն է անձամբ ուղղորդել, որ աշխատակիցներն իր մտերիմին աջակցեն դատարանում: «Նմանատիպ բան չի կարող լինել: Ես չգիտեմ՝ ձեզ որտեղից այդ ինֆորմացիան: Մենք մեր բիզնեսը չենք վերածում քաղաքական խաղի»,-հայտարարեց Մարինե Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից է ու ՀՀԿ անդամ: Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել էր «Հայրենիքին մատուցած ծառայությանների համար»:

Մեր հարցին, թե արդյոք Արկադի Համբարձումյանը չպե՞տք է որևէ կերպ աջակցի դատական պրոցեսում հայտնված Սերժ Սարգսյանին, տնօրենը պատասխանեց. «Դուք ինձ հիմա քաղաքական հարցեր եք տալիս: Մեր հիմնարկը քաղաքականությամբ չի զբաղվում՝ առավել ևս տնօրենի և աշխատակիցների մակարդակով»:

Հատուկ քննչական ծառայությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Ըստ ՀՔԾ-ի՝ Սերժ Սարգսյանը 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարումը:

Այդ ծրագրի իրականացման ընթացքում Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 դրամ:

Փետրվարի 25-ին տեղի է ունենալու այս գործով դատական առաջին նիստը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ