«Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը:
«Չգիտեմ՝ ինչպես է եղել հանդիպումն ու պայմանավորվածությունները, միգուցե մանիպուլյացիայի համա՞ր է հայտարարվել, իբր թե Սարգսյանը համաձայն չի եղել… Լուկաշենկոյին չեմ կարող հավատալ: Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանձնել հողերը, նա ինքն էր տվել նման հարցազրույց Կիսելյովին: 2011-ին, երբ Սարգսյանը պետք է ուղևորվեր Կազան, ես հանդիպել են նրան Ստրասբուրգում:
Հարցն արդիական էր, որ պետք է գնար, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեր՝ հող հանձնելու վերաբերյալ: Ես իրեն ասացի, որ եթե գնաք ու ստորագրեք, կլինեք դավաճան, ու ինչպես վրեժ ենք լուծել մեր ազգի թշնամիներից, Ձեզնից էլ ենք լուծելու»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ դրվագների մասին: Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսն ու Ռուսաստանը խոստացել են անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում ուղարկել որոշակի երաշխիքներ ապահովելու համար: