Առաջ շունչներս պահած սպասում էինք՝ Սերժ Սարգսյանը վտանգավոր մի բան չասի, Փաշինյանի դեպքում ախորժակը մեծացել է․․․

Կան տեսակետներ, որ Փաշինյանը շահած դուրս եկավ այդ բանավեճից, կան հակառակ տեսակետներ, սակայն էականը, ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ այն նշաձողն է, որ Փաշինյանը սահմանեց այդ բանավեճի ընթացքում:

— Պարոն Սաֆարյան, որպես քաղաքագետ Մյունխենում հետեւում էիք բանավեճին: Ինչպիսի՞նն էր մթնոլորտը. կա՞ր հաղթող եւ պարտվող այդ բանավեճում:

— Նախ, պետք է մի բան հասկանալ, որ Մյունխենի կոնֆերանսը պատմության դասերի ստուտագետես չէր: Այնտեղ հավաքված մարդիկ ամենեւին չէին եկել լսելու պատմության դաս, առավելեւս Ալիեւի հորինած պատմության մասին: Այդտեղ նստած մարդիկ շատ պրոֆեսիոնալ էին եւ գիտեին հակամարտության ամբողջ պատմությունը, նրանք ուզում էին լսել լուծման հնարավորությունների մասին:

Երկրորդ, քննադատող ՀՀԿ-ականները պետք է հիշեն, որ նախորդ տարիներին փորձել են նման բանավեճի հրավիրել Սերժ Սարգսյանին, բայց նա չի եկել: Գերմանական մամուլը եւս ընդգծում է, որ տարիներ շարունակ իրենց չի հաջողվել հրավիրել նման բանավեճ: Դա հնարավոր դարձավ Փաշինյանի շնորհիվ: Եվ երրորդ կարեւոր հանգամանքը՝ Փաշինյանը չտրվեց Ալիեւի սադրանքին, չխորացավ պատմության խորխորատներում եւ շատ բարձր պահեց նշաձողը: Եթե ոմանց թվում է, թե Ալիեւը շահած հեռացավ իրենց հորինած պատմությունը ներկայացնելով՝ չարաչար սխալվում են: Դա ռինգ չէր, որ մտածեիր մեկամյա մարտավարության, ամեն գնով հաղթելու մասին. Փաշինյանի խոսքը կառուցված էր այնպես, որ տեղ մնար հետագայում բանակցելու համար:

— Կա՞ն արգումենտներ, որ Փաշինյանը կարող էր բերել, բայց չբերեց:

— էնքան բան կարելի էր ասել, բայց արդյոք տեղի՞ն էր: Պատմական հատվածին կարելի էր շատ հատու ու կարճ արձագանքել մի նախադասությամբ, որ 2007 թվականին դուք Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանի ժամանակ հանձնարարեցիք ձեր պատմաբաններին Արցախի վերաբերյալ պատմություն հորինել, հիմա էլ այստեղ պատմում եք այդ հորինվածքը, իսկ այս դահլիճում հավաքվածները վստահաբար ձեր պատմածից չեն պատմություն իմանալու: Պետք էր նաեւ ասել, թե 2016-ին ինչպես Ալիեւը երկարաժամկետ փակուղու առաջ դրեց ղարաբաղյան հարցը, փակեց բոլոր տեսակի կարգավորման քննարկումները՝ ապրիլյան պատերազմ սանձազերծելով:

— Ի դեպ, Փաշինյանն իրո՞ք լեզվի խնդիր ուներ ըստ ձեզ: Շատ է խոսվում, որ եթե հայերեն լիներ խոսքը, ավելի սուր եւ դիպուկ կլիներ:

— Ասել, թե Փաշինյանի անգլերենը կատարյալ բրիտանական անգլերեն էր, սուտ կլինի, բայց Արեւմուտքում շատ նորմալ են ընդունում, որ մարդը ընդամենը կարողանում է իր մտքերը հասկանալի կերպով արտահայտել: Այն, ինչ ես լսել եմ, լսել եմ անգլերեն եւ եթե հասկանալի չլիներ, չէի հասկանա: Կարող եմ ասել, որ Փաշինյանը շատ լավ խոսում էր, տիրապետում էր պատմագիտական բառաֆոնդին: Պարզ է, որ չէր կարող նույն  ճկունությամբ խոսել անգլերեն, ինչ խոսում է հայերեն, բայց դուք ուշադրություն դարձրեք, թե ինչի վրա են ֆիքսվում: Այս աստիճան մանրուքներին անդրադառնալը ցույց է տալիս, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսը հասավ իր նպատակին՝ կազմակերպելով նման հանդիպում, իսկ Փաշինյանը շահեկանորեն տարբերվեց՝ ի տարբերություն Ալիեւի արդեն ձանձրալի դարձած ձայնապնակի, հնչեցնելով նոր ու թարմ մոտեցումներ: Ակնհայտ էր, որ Ալիեւը հանդես է գալիս պաշտպանական ստրատեգիայով՝ ակնհայտորեն դառնալով իր իսկ խաղի զոհը:

— Պարոն Սաֆարյան, եւ քանի որ դուք եւս Մյունխենում էիք՝ կարո՞ղ եք ասել, հանդիպումից առաջ Ալիեւին սպասեցնելը Փաշինյանի կողմից հատո՞ւկ էր մտածված, թե՞ այդպես ստացվեց:

— Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ. երկու կողմերն էլ ունեին արարողակարգային հանդիպումներ եւ չգիտեմ, թե նախորդը երբ էր նախատեսված: Բայց մի բան ակնհայտ էր, որ դրանից շատ անհանգստացած էր Ալիեւը:

Նյութի աղբյուր՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ