«Օլիմպիադայից հետո երկուսին էլ ամուսնացնել». Սամվել Բալասանյանն ընդունել է Արթուր Ալեքսանյանին եւ Կարապետ Չալյանին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հյուրընկալեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանին և նրանց մարզիչներին: Քաղաքապետը ողջույնից հետո երկու դիտարկում արեց: Ասաց՝ այս անգամ Ալեքսանյանը մտահոգ էր, Չալյանն էլ շտապում էր: Ինչու՞:

«Ճիշտ է, շատ էի շտապում, երեւի հաղթելու ցանկությունս մեծ էր, դրա համար էլ շտապեցի, ու երրորդ տեղը գրավեցի: Բայց  մյուս անգամ չեմ շտապի, դա շատ  է խանգարում: Դժվար էր գոտեմարտերը, բոլորն էլ փորձառու ըմբիշներ էին եւ փառք Աստծո առանց մեդալ չվերադարձա»,- ասաց Կարապետ Չալյանը:

Սամվել Բալասանյանը նաեւ հետաքրքրվեց, թե մարզիկն ի՞նչ առողջական խնդիր է ունեցել: Չալյանն ասաց՝ ճնշումն է տատանվել, բարձրացել է: «Տո, ճնշումը հեչ, մեր ճնշումն էլ էր բարձըրցել Ձեզ նայելու ժամանակ»,- կատակեց Բալասանյանը, ապա ավելացրեց. «Դուք մեր օրերի հերոսն եք»:

«Ապրի Ձեր արեւն, որ մեզ սեւերես չարեցիք աշխարհի եւ ամենակարեւորը՝ գյումրեցիների մոտ: Իրանց չափ չէ, բայց իրանցից էլ պակաս չտանջվանք նայելու ժամանակ: Էդ հակածխախոտային օրենքը ընդունեցին, բայց ես մեկ տուփ լրիվ  ծխեցի էդ ապրումներից»,- ասաց քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:

«Գեւոր, Արթուրն ինչի՞ համար էր մտահոգ»,- հարցրեց քաղաքապետն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզչին, ով նաեւ Արթուրի հայրն է: Հայր ու որդի հստակ ասացին, որ լուրջ մտահոգություն, իրոք ունեցել են: «Մտավախություն կար, որ օլիմպիադայից առաջ վնասվածքս չկրկնվի: Դա շատ կարեւոր է: Թե չէ ես լավ մարզավիճակում եմ, ինձ լավ եմ զգում, հետո էլ իմ հիմնական մրցակիցների հետ եմ գոտեմարտել, բոլորին էլ լավ ճանաչում էի, ուրիշ խնդիր չկար»,-ասաց Արթուր Ալեքսանյանը:

Մարզիկը նաեւ մեծապես ոգեւորվել է հայ երկրպագուների մեծ թվից: Ասաց դահլիճում ամնաշատը հենց հայ երկրպագուներն էին, նույնիսկ Հենրիկ Մխիթարյանն է ներկա գտնվել: Ճիշտ է, չեն հանդիպել, բայց իմանալուց հետո Արթուրն իրեն էլ ավելի հպարտ է զգացել:

Ընդունելության ժամանակ քաղաքապետը մարզիկներին Աստվածաշունչ նվիրեց: Ասաց՝ նախորդ անգամ Նարեկ է նվիրել: Խորհրդանշական գրքեր են, որ միշտ պահապան լինեն:

Քաղաքապետը նաեւ շատ կարեւոր հայտարարություն ուներ: Իհարկե կատակ էր, բայց Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի սրտով էր: «Այս օլիմպիադայից հետո երկուսին էլ ամուսնացնել»,- ասաց Սամվել Բալասանյանը: Գեւորգ Ալեքսանյանն էլ արձագանքեց՝ իհարկե, ընտանեկան կյանքն ու երջանկությունը կարեւոր բաներ են:

Արթուրն էլ շատ դեմ չէր: Բայց ասաց՝ ժամանակ չունի, չի հասցնի: «Դեռ չեմ մտածել ամուսնանալու մասին, ժամանակ էլ չկա: Տեսեք, նոր ենք վերադարձել, ու 4-5 օր հետո հավաքի  եմ, դե չեմ հասցնե  4-5 օրում ամուսնանամ: Օլիմպիադայից հետո կմտածեմ»,- խոստացավ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի չեմպիոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ