Խոշոր հրդեհ Երևանում. ավտոտեխսպասարկման կետում առաջացած կրակի հետևանքով մի քանի ավտոմեքենա վերածվել են մոխրակույտի

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ: Ըստ նախնական տեղոկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի` ժողովրդին հայտնի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները:

Ամբողջությամբ այրվել են «Mercedes-Benz S-Class», «Mercedes-Benz C-Class» մակնիշների ավտոմեքենաները և «Dodge» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունններ կատարելուց հետո: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարում էին քաղաքացիները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ