Երեկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ամփոփիչ ասուլիս էր հրավիրե՝ ամփոփելու իր պաշտոնավարման ամիսները: «Ժողովուրդ» օրաթերթը Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյոք Երեւան Կենտրոն ՔԿՀ այցի ժամանակ հանդիպե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի հետ կամ Մանվել Գրիգորյանի հետ:
«Նրանց նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանք, եւ նրանք դատապարտյալներ չեն, եւ այստեղ տարբերություն կա դատապարտյալի եւ կալանավորի միջեւ: Դատապարտյալի այցելության վերաբերյալ մի փոքր ավելի ազատ է պաշտոնատար անձը հայտարարել, քան կալանավորի»,-ասաց նա եւ նշեց, որ ձեռնպահ կմնա այցելության վերաբերյալ որեւէ փաստ ներկայացնել նրանց մասով:
Սակայն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը նշեց, որ տեսել է Հոկտեբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին` ի՞նչ են զրուցել, նախարարը չմանրամասնեց` նշելով, որ պահման վայրի վերաբերյալ, բնականաբար, հարցեր է տվել: «Ասեմ նաեւ, որ խորհուրդ եմ տվել ավելի շատ զբաղվել սպորտով, որովհետեւ դրա անհրաժեշտությունը կար»: