Եթե «այո»-ն հաղթի, ինչպե՞ս է ձևավորվելու նոր ՍԴ-ն

Հանրաքվեն արդեն օրենքի ուժ ունի, նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու հրամանագիրը:Մինչ այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու հանարքվեին: Փաստացի «ոչ»-ի ճամբար ձևավորելու մասին միայն խոսում են իրավաբանները: Նշենք, եթե «ոչ»-ի ճամբար չստեղծվի, ապա իշխանությունը ստիպված կլինի 50 հոգանոց այդպիսի ֆիկտիվ շտաբ բացի: Հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի փետրվարի 17-ից և կտևի մինչև ապրիլի 3-ը:

ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Եվ այստեղ հետաքրքիր հանգամանքներ են առկա։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 քաղաքացի, որից 825 հազար 521 հոգի ասել է՝ «այո», իսկ 421 հազար 568 քաղաքացի ասել է՝ «ոչ»։

Իսկ, ահա, 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ, որից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող, այսինքն՝ մի փոքր ավելի, քան 2015 թվականի հանրաքվեի «այո» ձայները։ Հիմա եթե իշխանություններին հաջողվի ապահովել 1 միլիոնից ավելի քաղաքացու մասնակցություն հանրաքվեին, ապա անհրաժեշտ կլինի, որ մասնակիցներից ավելի քան 650 000-ը կողմ քվեարկեն, որպեսզի «այո»-ն համարվի վավերացված:

Եթե իշխանություններին հաջողվի 650 հազար «այո» հավաքել, որոնք են լինելու հաջորդ քայլերը

Սահմանադրության փոփոխությունների նախագծի 2-րդ հոդվածին համապատասխան՝ դրանք ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Միաժամանակ, նշված նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «…2. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները և այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով:

Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»: Այսինքն՝ Սահմանադրության 213-֊րդ հոդվածի (նոր խմբագրությամբ) ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն Սահմանադրական դատարանի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները և այլ մանրամասները սահմանող՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ