Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու վերաբերյալ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 եւ 05.11.2009 թվականին տրված ՏԿՈւ 00346 լիցենզիաների հիման վրա իրականացրել են ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ՝ Աբովյան-Երեւան-Աբովյան եւ Չարենցավան-Երեւան-Չարենցավան ուղղություններով:

Նշված ընկերությունների նախկին սեփականատիրոջ կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղեւորափոխադրումներ, որի հետեւանքով «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետեւ ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

«Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման հիման վրա հակամրցակցային գործունեության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են մի շարք նոր հանգամանքներ։

Մասնավորապես՝ բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերել, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել եւ օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղեւորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Պայմանավորվածության համաձայն՝ խմբային շահերից ելնելով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը նշված ընկերության նախկին սեփականատիրոջը ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ՝ հրահանգել է իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցներին աջակցել նրան եւ չխոչընդոտել նրա ծավալած ձեռնարկատիրական գործունեությանը, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում, իսկ մյուս կողմից՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների երթուղի դուրս գալու համար:

Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքներն առերեւույթ պարունակում են ՀՀ իրավապահ համակարգը ներկայացնող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը եւ ծառայողական պարտականությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննության ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Նշենք, որ 2011 թվականից մինչեւ 2018 թվականը ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է Վլադիմիր Գասպարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ