«Հնարավոր չէ զիջել անվտանգությունը». Նիկոլ Փաշինյան

«Իոսիֆ Ստալինի անձնական որոշման հետևանքն է եղել, որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին։ Արցախը երբեք չի՛ եղել անկախ Ադրբեջանի կազմում, այն միայն դրվել է Խորհրդային Ադրբեջանի տարածքի մեջ»,- այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մյունխենյան քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև Ալիևի, այսպես կոչված, պատմական դասերին. «Պետք չէր գնալ պատմության գիրկը, քանի որ երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի, չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ է՛լ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ հենց Կովկասյան բյուրոն է որոշում կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, ինչն ամբողջովին օրինական որոշում էր:

«Այդ որոշումից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրթի միջև: Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում…Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամոբղջականության մասին, պետք է որոշենք, թե ո՞ր երկրի տարածքային ամբողջականության մասին ենք մենք խոսում:

Իմ հարցն այն է, որ եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը՝ դառնալով անկախ պետություն, ինչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Դուք կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն՝ Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն Հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը նույնպե՛ս գոյություն չունի:

Գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և  դա ճշմարտությունն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն` և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից»,- ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ