Վազգենը հայհոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա Քոչարյանի վրա ու …

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 1in.am-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.

Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով.

1999 թ. սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին 8 ժուչոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։

1999 թ. սեպտեմբեր. ԱՄՆ այցը Վազգենին մտահոգել էր ևս մեկ խնդրով։ Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիրավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ մարդկանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ մարդիկ, որոնցից մեկը պարտավորվեց ներդնել 200 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտնած ու վախվորած։ Վազգենը սկսել էր թալանաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, բայց այն նույնպես խափանվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալանած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։

1999 թ. հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։ Քո՝ Հայաստանի շահերին վնասող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ ուղղակի հայհոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա, բայց զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բոլորովին չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր

։ Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գոռոզ ու ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել միայն քծնողներ, խլուրդներ, արժանապատվությունից զուրկ մարդիկ։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ կանխատեսելով, որ դա կբերի խորը հակասությունների հայության երկու հատվածների միջև, ինչին մենք բոլորս ականատես և վնասների, կորուստների կրողներ եղանք։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ