Վանեցյանը պատրաստակամություն է հայտնում կատարել ռուսների հանձնարարականները


Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Վանեցյանի նպատակը շատ թափանցիկ է. «Սա անհաջող փորձ է ռուսական ղեկավարության մոտ՝ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցի օգնությամբ ինքնահաստատվել ՀՀ իշխանությունների հաշվին։ Ասեմ ավելին, իր՝ որպես նախկինում ուժային մարմնի ծառայողի, իր վերադաս ղեկավարության հաշվին ինքնահաստատվել ռուսների աչքում։ Այլ կերպ, քան անհայրենիք մարդու վարք կամ անբարոյականություն գնահատել չեմ կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն հարցին՝ արդյոք սրանով ուրվագծվո՞ւմ է Վանեցյանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, քաղաքագետը պատասխանեց. «Սրանով ուրվագծվում է նրա քաղաքականությունից զուրկ կեցվածքը, և ուրվագծվում է այն, որ նա Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի։ Վանեցյանը հայտ է ներկայացնում՝ զինվորագրվելու որպես ռուսական պրոքսի և հանձնվելու ռուսների ողորմածությանը, պատրաստակամություն հայտնում կատարելու բոլոր հանձնարարականները՝ կապված Հայաստանի հետ։ Այս ամենը մակերեսին է, խոշորացույցով ամեն ինչ մանրամասնորեն դրված է ցուցափեղկին»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Մոսկվան Վանեցյանի վրա խաղադրույք կկատարի՞. «Չգիտեմ, իրենց գործն է՝ կուզեն կանեն, կուզեն՝ չեն անի։ Ցավոք սրտի, նման պատրաստակամություն հայտնած շատ մարդիկ կան Ռուսաստանի ներսում էլ, եթե կարիքը զգան, քչություն անեն՝ կարող է և դիմեն։ Դա արդեն ռուսների որոշելիքն է, և ոչ իմ կամ ձեր»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Հայաստանի Եվրոպական ընտրություն կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը երկու հանգամանք է մեջբերում. «Այն, որ դա ասում է Վանեցյանը՝ բոլորովին տարօրինակ չէ։ Տասնամյակներ շարունակ իշխանության ձգտող մարդիկ, քաղաքական դասը, ցավոք, մրցակցում է ոչ թե հայրենասիրության, պետականաշինության կամ այլ ոլորտներում՝ այլ բոլորովին ուրիշ ասպարեզում, կոնկրետ ռուսամոլության, Կրեմլին դուր գալու ոլորտում։ Որքան ավելի են քծնում, համոզում, որ իրենք ավելի վստահելի, խոնարհ, հլու-հնազանդ ստրուկ են, այդքան ավելի բարձր է իրենց վարկանիշը Կրեմլի, ԿԳԲ-ի տեսակետից։ Իսկ Արթուր Վանեցյանը՝ չնայած իր կենդանաբուծական մասնագիտության, քաղաքական ծնունդ է առել ԱԱԾ-ում, այսինքն՝ ԿԳԲ-ում։ Եվ այս առումով կարելի է միայն զարմանալ, թե նա ինչպես հայտնվեց հեղափոխական կառավարության կազմում, այն էլ՝ առաջնային դերում»։

Ըստ Խզմալյանի՝ երկրորդ հանգամանքն այն է, որ նա չափազանցնում է՝ ասելով, թե ներկայիս իշխանությունները հակառուսական են։ «Համենայնդեպս, իմ դիտարկմամբ, ներկայիս իշխանությունն արդեն երկու տարի ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ապացուցի հակառակը։ Վերջերս ԱԱԾ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ մենք երբեք չենք թաքցրել, որ չի լինի որևէ փոփոխություն մեր արտաքին քաղաքականության մեջ, դա պարբերաբար կրկնում է վարչապետը, արտաքին գործերի նախարարը։ Այնպես որ, պարոն Վանեցյանի խոսքերը շատ մեծ ավանս են և, ցավոք սրտի, այդքան էլ ճիշտ չեն։ Հասկանալի է, որ նա փորձում է մրցել ներկայիս իշխանության հետ ռուսամոլությամբ՝ գուցե նա կարողանա հաղթել, որովհետև մենք դեռ հույս ունենք, որ ներկայիս իշխանությունը, հատկապես վարչապետ Փաշինյանը, կվերադառնան իրենց նախընտրական ծրագրերին, որը հետագայում արագ փոխվեց՝ դառնալով ավանդական։ Բայց Վանեցյանի հայտարարության մեջ ոչ մի զարմանալու կամ շտկելու բան չկա»,-եզրափակեց նա։

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ