Պապիկյանի տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ հանցավոր արարքի առկայությունը ստուգելու

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով:

ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Պապիկյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեց իր վերաբերյալ մամուլի հրապարակմանը՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորելով պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը մրոտելու առիթ:

Մամուլի հրապարակումը վերաբերում է Պապիկյանի՝ բանակում ծառայելու տարիներին նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպի, որի ընթացքում, ըստ հրապարակման, Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին, ինչի համար ազատազրկման է դատապարտված եղել, համաներմամբ ազատ արձակվել:

Պապիկյանը հերքեց, որ ինքը դանակով վիրավորել է որեւէ մեկին, սակայն հաստատեց, որ դատապարտված եղել է:

«Այսինքն՝ այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաների եւ տվյալ անձի համաձայնությամբ՝ որեւէ մեկին տրամադրելով: Սա նշանակում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փոխանակ զբաղված լինեին հետհեղափոխական շրջանում Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող, անարգողներին ու նրանց կատարած հանցագործությունները բացահայտելու գործով՝ զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձեւավորելով: Սա անընդունելի է: Եվ տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից»,- հայտարարեց Պապիկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ