Ինչպես է Փաշինյանը զարմանում տեսնելով նույն գրիչը

Ինչպես է Փաշինյանը զարմանում տեսնելով նույն գրիչը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Սեղանի շուրջ նստելուց հետո ՀՀ վարչապետը վերցնելով գրիչը մի պահ զարմացել է՝ այնուհետև շարունակել քննարկումը։

Նախապատմությունը հայտնի է. Նիկոլ Փաշինյանը Կապանի ասուլիսում անդրադարձավ ՍԴ նախագահին՝ ասելով, որ վերջինս իրեն առաջարկել է իր ծառայությունները: Փաշինյանը ենթադրում էր, որ 100 փաստի ստերի թվում այս մեկն աննկատ կմնա, և չենթադրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահը ապացույցներ է պահանջելու, որը կհաստատեր վարչապետի ասածը, այլապես զրպարտության հոդվածով դիմելու էր դատարան:

Փաշինյանը դեռ Կապանից անոնս արեց, որ ապացույցն անհամարժեք է լինելու մի բան էլ հավելեց, որ ինքը չէր ուզում, իրեն ստիպեցին: Հետո որոշեց մնալ Կապանում, իսկ ապացույցը Երևանում էր:

Այդ հայտարարությունից հետո զարգացումները երկու ուղղությամբ էին. առաջինը՝ տրամաբանող մարդկանց մոտ հարցեր էին առաջանում, որ եթե նման հուժկու ապացույց ուներ, ապա ինչո՞ւ էր Ազգային անվտանգության ծառայությանն ուղարկում Հրայր Թովմասյանի հայրական տան տանիք, ինչո՞ւ էր Հատուկ քննչական ծառայության քննիչներին լուսաբացին ուղարկում Սահմանադրական դատարանի նախագահի տուն, ինչո՞ւ էր, ի վերջո սցենարներ գրում Ազգային ժողովում, ինչո՞ւ ի վերջո, բազմաթիվ մերժումներից հետո ՍԴ տարավ մինչ օրս ոչինչ չանող Վահե Գրիգորյանին, և ի վերջո՝ սա ո՞ր թիվն է, ապացույցը հնարավոր չէ՞ր փոխանցել Կապան:

Մյուսն արդեն հրճվանքի ուղղությունն էր. մարդիկ, ովքեր օրորոցից տեղափոխվել են Ազգային ժողով, հրճվում էին, անհանգիստ քնի մասին գուշակություններ անում ու սպասում անհամարժեք ապացույցին, որը պետք է հրապարակեր Փաշինյանն ու Սահմանադրական դատարանը դրանից հետո ոչ թե պետությանն էր լինելու, այլ՝ իրենցը: Ի դեպ, վերջում ամենալուռը հենց այս սպասումներն ունեցողներն էին, իսկ դա լավ է:

Նիկոլ Փաշինյանի հրապարակած ապացույցն ընդամենը գրիչ էր, Հրայր Թովմասյանի գրիչը, որը ինքն էլ չէր հիշում իր խնդրանքով, թե առանց իր խնդրելու, որպես քաղաքակիրթ մարդ,  Թովմասյանը միջոցառման ժամանակ տվել էր իրեն, որովհետև իր մոտ գրիչ չէր եղել:

Բայց Փաշինյանը խորը վերլուծության էր հանգել, որ դա քծնանք է, ավելին, նա մտածում է, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ ՍԴ գնալն էլ իր պարտավորությունը չէ …

Այսինքն՝ գրիչը քծնանք է, լավ, իսկ Փաշինյանը, հետաքրքիր է, ի՞նչ է տեսում, երբ իր տիկնոջ երկու հիմնադրամներին նախկին օլիգարխները, իսկ հիմա իր ձեռամբ սեփականատերեր թագադրվածները գումարներ են տալիս: Քծնանք չէ՞, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամն ավելի քան 700 միլիոն դրամ է հավաքել, իսկ «Ժպիտների քաղաքը»՝ 308 մլն դրամ:

Եթե դա վարչապետին քծնանք չէ, ապա հերոսի անվան հիմնադրամում՝ Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամում ինչո՞ւ զրո ներդրում է արվել արդեն չորս տարի: Արդյոք քծնանք չէ՞, որ կառավարության ծրագրի քվեարկությանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարեց.

«Պարոն վարչապետ, եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի Ձեզ ու կողմ էի քվեարկելու»։

Արդյո՞ք քծնանք չէ, և ոչ միայն, երբ սեփական խմբակցությունը լքած և բանակից խուսափելու համար պատմություններ հորինած պատգամավորը տարածում է խեղաթյուրված լուսանկար ու վերագրում Հրայր Թովմասյանին և սխալ արարքի համար ներողություն էլ չի խնդում:

Իբր թե ծառայություններ մատուցելու առաջարկը Փաշինյանը մերժել է, ի՞նչ է, օրինակ՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իշխանափոխությունից հետո եկավ ու ասաց՝ մի ընդունեք ծառայություններս, ես անկախ կգործեմ, կասեմ ճշմարտությունը ֆինանսական վիճակի մասին և Փաշինյանն ասաց՝ այո, դու կլինես իմ Ֆինանսների նախարարը, կամ Ջավադյանը եկավ ու ընդդիմացավ, Փաշինյանն ասաց՝ դու կշարունակես մնալ ԿԲ նախագահը, կամ տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից Տիգրան Մուկուչյանի մասին անեկդոտներ պատմելուց հետո ծառայություն չմատուցելու համար Փաշինյանը նրան պահեց ԿԸՀ նախագահ, իսկ այ Հրայր Թովմասյանը, որ իբր իր ծառայությունները մատուցելու առաջարկ է արել, դրա համար ցանկանում է նրան հեռացնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից:

Եվ ամենավերջին քծնանքը վարչապետի սցենարով. երբ գրչի թեման շեղելու համար քավության նոխազ դարձավ երիտավագանին, ինչը, բավարար չափով չօգնեց վարչապետին, վարչապետը լրացուցիչ իր ֆեյսբուքյան էջում զրույց կազմակերպեց քաղաքացու հետ, դա էլ չօգնեց, և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ուղարկեց լրատվամիջոցներից մեկը ու գիտեք ինչո՞ւ՝ իրեն քծնելու, իսկ դա հասկանալու համար այդ հարցազրույցը դիտելը բավարար է: Ի դեպ, Ալեն Սիմոնյանի մասով. պատմությունը ցույց է տվել, որ մեկին ուրացողը ուրանում է մյուսին, հետո մյուսին, կարճ՝ հիշեցման կարգով. երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր, Ալեն Սիմոնյանը նրան համարում էր իր մտերիմ ընկերը, երբ ոչ՝ ասաց, որ իր առաջնորդն իր քաղաքական թիմի առաջնորդն է ու ընդամենը մեկ անգամ է զանգել Վանեցյանին պաշտոնից նրա ազատվելուց հետո:

Նիկոլ Փաշինյանը գրչի լուսանկարը հրապարակելուց հետո հրապարկում արեց, որ իբր շոկի մեջ է հայտնվել գրչի գինը պարզելուց հետո, սակայն Փաշինյանի իրական շոկի պատճառը քաղաքական ուժերի, քաղհասարակության արձագանքն էր և իր քաղաքական թիմի պապանձվելը:

Այդ հրապարակմամբ երկու փաստ է արձանագրվում. պետության ղեկավարը չի ընկալում իր խոսքի կարևորությունը ու չի փորձում տարբերվել «Ֆեյսբուքում» ստատուս գրողից, մեղավորներ որոնելու ճանապարհին յուրայիններ է կորցնում։

Մյուսը, բավական հուսադրող էր, բայց ոչ Փաշինյանի համար. այն, որ Փաշինյանին անձնուրաց ընդամենը երկու պաշտպանող էր մնացել, ու ընդահատակում էր քաղաքական թիմը, անգամ նրանք, ովքեր ամեն հարցում արդարացնում են իրենց, հասկացել էին, որ գրիչն ապացույց չէ ու պարզապես չկային: Իսկ այդ, որ այդքանը հասկացել էին, արդեն հուսադրող է:

Նրանք լուռ էին մինչև երիտավագանու գրառումը, բայց դա իրավիճակը չփրկեց, պարզապես երիտավագանու մանդատը վերցնելուց էլ քաղաքական թիմը պետք է գիտակցի, որ ամեն մի սխալից հետո իրենցից մեկը քավության նոխազ է դառնալու:

Սակայն գրչի մասին հրապարակման ամենակարևոր արձանագրումը հետևյալն է. առնվազն մեկ տարի իրավապահ կառույցները, թիմակիցները, պետական ողջ ռեսուրսը Սահմանադրական դատարանի նախագահին վերաբերող ընդամենը մեկ գրիչ է գտել:

Հաջորդ ուղիղ եթերում Փաշինյանը լավ ասաց. մանրուքներ չեն լինում, այո, այդ հրապարակած գրիչը մանրուք չէ, այն պարզապես իշխանափոխությունն է ջնջում ու բազմաթիվ ստեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ