«Ռիթմիկ մի բան կլինի՝ «Իմ քայլի» նման». Հայկ Ստվերը վարչապետից առաջարկ է ստացել

Երաժիշտ Հայկ Ստվերը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկ է ստացել նոր երգ ստեղծել նրա վերջին բանաստեղծության հիման վրա։ Այս մասին երգիչը հայտնեց «Հայկական ժամանակի» հետ զրույցում: Նշված բանաստեղծությունը Նիկոլ Փաշինյանը նվիրել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Երգի վերնագրի մասին երաժիշտն ասաց. «Պայմանական վերնագիրը կարծում եմ կլինի՝ Ասում եմ՝ այո»: Նշեց, որ հնարավոր է նաեւ բառերի կամ հանգավորման աննշան փոփոխություններ անի: Հայկ Ստվերի հետաքրքրվեցինք, թե ինչպիսի երաժշտություն է պատկերացնում նոր ստեղծով երգի համար: «Ռիթմիկ մի բան, մոտավորապես «Իմ քայլի» նման»,- ասաց նա:՛

Նշենք, որ լրատվամիջոցներն անդրադարձել էին Հայկ Ստվերի ֆեյսբուքյան գրառմանը, որով նա հայտնել էր վարչապետից երգ գրելու առաջարկի մասին, բայց ավելի ուշ հեռացրել այդ գրառումը, ինչն էլ աղմուկի պատճառ էր դարձել: «Ես գրառում արեցի, որ ֆեյսբուքյան ընկերներս տեսնեն, բայց ծլեցին, ծաղկեցին ուրիշներ, սկսեցին նկարիս հետ սքրինշոթեր անել ու իրենց էջերում տեղադրել: Որոշ մարդիկ էլ իրենց բնորոշ քննարկումներ սկսեցին, որոշեցի հեռացնել ու կենտրոնանալ երաժշտության վրա»,-գրառումը ջնջելու որոշումը մեկնաբանեց Հայկ Ստվերը:

Նա դեռ չգիտի, թե երգը պատրաստ լինելուց հետո պրեմիերան ինչ ձեւով կարվի, շատ հավանական է պարզապես դնի յութուբյան իր էջում ու դրանով սահմանափակվի, հնարավոր է նաեւ, որ որեւէ ձեւով այն առանձնացվի: Մոտավորապես մեկ շաբաթից երգն արդեն պատրաստ կլինի:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծությունը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: «Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին»,- գրել է նա եւ տեղադրել բանաստեղծությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ