24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գյուրջանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները կանայք են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ