Փաշինյանն ու Մերկելը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները հանդես եկան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը.

«Հարգարժան տիկին կանցլեր,

ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Մեծ ուրախությամբ եմ ցանկանում արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործնկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը թե՛ զգացական, թե՛ գործնական առումներով։

Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական Միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու համար:

Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար:

Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության օրակարգը: Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին:

Մենք երախտապարտ ենք Գերմանիայի և Եւրոպական Միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար:

Գերմանիայի ցուցաբերած աջակցության համատեքստում կցանկանայի առանձնացրել գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը մեր երկրում: Անշուշտ, տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանում ընթացող ներքին զարգացումների վերաբերյալ։

Մեր հանդիպմանը զգալի հատված նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել: Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ:

Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը:

Տիկին կանցլերի հետ անդրադառնալու ենք նաև մշակութային, գիտակրթական համագործակցությունը: Մեզ համար կարևոր է կրթական ոլորտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը: Մենք շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ:

Լիահույս ենք, որ 2017 թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի: Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։

Շնորհակալություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ