Սերժ Սարգսյանը հեռանալով՝ ևս մեկ «ՕԵԿ Արթուր Բաղդասարյան» թողեց դաշտում՝ դա «Լուսավոր Հայաստանն» է՝ Մարուքյանի գլխավորությամբ

– Այս օրերին նաև քննարկվում է այն հարցը, թե ովքեր են ձևավորելու «ոչ»-ի ճամբարը, և խորհդարանական լսումների ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ նման նախաձեռնությամբ հանդես է գալու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Սահմանադրական հանրաքվեի որոշումը բողոքարկելու համար համապատասան թվով ձայներ չունեն:

Մարուքյանը նաև ասաց, որ չեն պատրաստվում ձևավորել «ոչ»-ի ճակատ: Նա նաև մի քանի դիտարկումներ արեց՝ մասնավորապես նշելով. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսում չպետք է լինի հակառակ ճամբար։ Այսինքն` պետք է լինի միայն «այո»-ի ճամբար, քանի որ իշխանությանը պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն անեն, որպեսզի իշխանությունը ոչնչացնի նրանց»:

– Ձեր մեջբերումը փաստացի նշանակում է, որ պարոն Մարուքյանը և «Լուսավոր Հայաստանը» առաջարկում են և կոչ են անում սաբոտաժի ենթարկել ամենաժողովրդավար պրոցեսներից մեկը՝ հանրաքվեն: Գիտեք, ես, օրինակ, չեմ սիրում Իոսիֆ Ստալինի կերպարը նաև այն բանի համար, որ անգամ մահից հետո նա պատճառ հանդիսացավ շատ մարդկանց ճակատագրերի խեղաթյուրման: Այսօր Սերժ Սարգսյանը, շատ ակտիվ չլինելով քաղաքական դաշտում, տարբեր քաղաքական ուժերի մահվան պատճառ է հանդիսանում: Դրա վառ ապացույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է և Էդմոն Մարուքյանը: Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը հեռանալով՝ քաղաքական իմաստով ևս մեկ «ՕԵԿ» և ևս մեկ «Արթուր Բաղդասարյան» թողեց դաշտում, և այդ դերը, ցավոք, բաժին է հասել «Լուսավոր Հայաստանին» և Էդմոն Մարուքյանին: Կարծում եմ, նա դեռ չի գիտակցել դա, բայց կարող ենք ֆիքսել, որ երրորդ ճանապարհը պարոն Մարուքյանին բերեց քաղաքական մահվան:

– Կարո՞ղ ենք նշել, որ Սահմանադրական դատարանը մեր իրականության մեջ եղել է այն կառույցը, որը քաղաքացու մեջ կոտրել է հույսը և տարբեր խնդրահարույց իրավիճակներում միշտ իր որոշումներով ցույց է տվել այդ երրորդ՝ հանրաքվեի ճանապարհը…

– Մենք երբ որ ասում էինք՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին», նկատի չունեինք միայն Ս. Սարգսյանի անձը, դա նշանակում էր մերժել կոռուպցիան, ամենաթողությունը, փայ մտնելը և այլն: Այսօր մենք քայլ ենք անում և մերժում ենք այս Սահմանադրական դատարանը՝ դրանով մերժելով նախկին համակարգի բեկորները, որոնք այսօր նյարդայնացնում են, զայրացնում, ատելության մթնոլորտ են առաջացնում, ծուղակների առաջ են կանգնեցնում և խոչընդոտում են առաջ գնալ, զարգանալ… Հանրաքվով քաղաքացիներին հնարավորություն է տրվում, առանց փողոց դուրս գալու, վերջնական փուլով բոլորին լցնել մի զամբյուղի մեջ, մեկընդմիշտ մոռանալ հնի մասին և անցնել առաջ:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ