Ուհանի հիվանդանոցում բուժքույրերը պարել են կորոնավիրուսով հիվանդների համար

Ուհանում կորոնավիրուսի բուժման համար ստեղծված ժամանակավոր հիվանդանոցներից մեկի բուժանձնակազմը որոշել է մի փոքր ուրախացնել հիվանդներին և հենց հիվանդանոցում կազմակերպել է Չինաստանում սիրված «հրապարակային պարերի» միջոցառում: Այս մասին տեղեկացնում է РИА Новостиգործակալությունը:

Պաշտպանիչ կոստյումով, ակնոցներով, ձեռնոցներով և դիմակներով երկու բուժքույր որոշել են ուրախացնել հիվանդներին, միացրել են երաժշտությունն ու չինական երգերի ռիթմերի ներքո սկսել են պարել: Հիվանդները երկար սպասեցնել չեն տվել, և միանգամից տասնյակ կանայք` ոմանք գիշերազգեստներով, ոմանք խալաթներով, սկսել են պարել:

Բուժքույրերից Չեն Սյոյանը պատմել է, որ ինքը գործընկերուհու հետ միասին ցանկացել է թուլացնել իրավիճակը, հիվանդներին հանել անկողիններից և բարձրացնել նրանց տրամադրությունը հիվանդության դեմ պայքարելու համար:

Չնայած որ այս հիվանդանոցի հիվանդները վարակված են կորոնավիրուսով` նրանց մոտ հիվանդությունը թեթև մակարդակի վրա է և ֆիզիկական թեթև վարժություններն ու պարերը միայն օգուտ կարող են տալ:

«Աբու» կեղծանվամբ աղջիկը, որը բուժում է անցնում «Ֆանցան» հիվանդանոցում, նկարահանել է պարերն ու տեղադրել համացանցում` նշելով, որ «երաժշտությունն ու պարերը վերադարձնում են մարդկանց նրանց վաղուց կորած ժպիտները»:

Աղջիկը պատմել է, որ ինքն այդ պահին իրեն լրագրող էր զգում, որը նկարահանում է կորոնավիրուսի դեմ պայքարի պատմությունը` նշելով, որ ինքը ցանկանում է, «որ որքան հնարավոր է շատ մարդ տեսնի այս ինքնազոհ բժիշկների ներդրումը»:

Նա նաև պատմել է, որ երկուշաբթի ուտելուց հետո բուժքույրերից մեկը կանգնել է և բոլորին ասել. «Եկեք միասին շարժվենք»: «Աբուի» խոսքով` բուժքույրը բավականին պրոֆեսիոնալ և գեղեցիկ էր պարում` չնայած որ բավականին ծանր պաշտպանիչ կոստյումով էր: Նա նշել է նաև, որ հիվանդները պարելիս աշխատում էին միմյանցից 1-1,5 մետր հեռավորություն պահել` ելնելով անվտանգությունից:

Նրա խոսքով` հիվանդանոցում ավելի հաճախ են լսվում հիվանդների կամ բժիշկների համար ինչ-որ հայտարարություններ, այդ իսկ պատճառով, լսելով երաժշտությունը, նա հուզվել է:

«Աբուն» տեղեկացրել է նաև, որ պարերից հետո հիվանդները դեռ երկար ժամանակ ժպտում էին, խոսում միմյանց հետ, ծիծաղում ու լավատեսական խոսքեր ասում հիվանդության հաղթահարման վերաբերյալ:

Չինաստանում շատ տարածված է այգիներում ու հրապարակներում կանանց պարերը, երբ երեկոյան քաղաքի բոլոր շրջաններում երիտասարդ և տարեց կանայք հավաքվում են և սկսում միանման շարժումներով պարել: Եվ, այդպես, ամեն օր: Ոչ հազվադեպ այդ պարերի մեջ կարելի է տեսնել նաև տղամարդկանց: Այսպիսի ժամանցով հիմնականում զբաղվում են թոշակառուները, որպեսզի տանն անշարժ չնստեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ