Կոնստանտին Օրբելյանը կրկին Օպերային թատրոնի տնօրենն է

 

Հաղթելով դատական ատյաններում  Կոնստանտին Օրբելյանը փետրվարի 10-ին պաշտոնապես վերականգնվել  է Ազգային օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում, որից 2019-ի մարտին նրան հեռացրել էր մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։

«Այս լուրից ոմանք երևի գոհ են, ոմանք՝ դժգոհ, տարբեր խմբակցություններ կան»,-կատակել է Օրբելյանը՝ միաժամանակ նշելով, որ դեռ պետք է տեսնել՝  ինչպես են շարունակելու աշխատանքը, քանի որ օգոստոսի երեքին լրանում է տնօրենի՝  նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը։

Մաեստրո Օրբելյանի՝ տարվա առաջին ասուլիսն էր,  նորություն ուներ հայտնելու․

«Երեկվանից վերականգնվել է իմ հաստիքը Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 8-ին դատը շահել էի, ԿԳՄՍ նախարարությունը վճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում, բայց դատարանը չէր ընդունել բողոքը՝ փաստաթղթերում առկա տեխնիկական խնդիրների պատճառով։  Այնպես որ` այսօրվանից ես արդեն պաշտոնապես  Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն եմ»։

Կոնստանտին Օրբելյանի՝ տնօրենի հաստիքում վերականգնվելուց հետո էլ , սակայն,   Օպերային թատրոնում անորոշությունը չի վերացել։ Մաեստրոյի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020-ի օգոստոսի 3-ին։ Նրա հետագա պաշտոնավարման առումով ինչ կորոշի նախարարությունը, Օրբելյանն այս պահին ոչինչ չի կարող ասել։ Ակնկալում է, որ այս հարցում հստակություն կմցնի մշակույթի ոլորտը համակարգող  փոխնախարար Արա Խզմալյանի հետ փետրվարի 12-ին կայանալիք հանդիպումը։

Մինչ իրավիճակի հստակեցումը լուրջ ծրագրերի մասին Օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն առայժմ  չի ցանկանում խոսել։ Անցած փորձը ստիպում է առավել զգուշավոր լինել։

«Մեծ ցավով պիտի նշեմ, որ անցյալ տարվա մեր բոլոր ծրագրերը, անգամ ստորագրման պատրաստ պայմանագրերը, ստիպված էինք չեղարկել։ Մշակույթի՝ բոլորիդ հայտնի պատասխանատուի գործողությունների  արդյունքում  ստիպված էինք չեղարկել նաև նախապես  պլանավորված մեր բոլոր հյուրախաղերը՝ Բահրեյն, Կատար, Դուբայ և այլն»։

Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետային ներկայացման համար Օպերային թատրոնը նախարարությունից դրամաշնորհ է ստացել։ Մաեստրո Օրբելյանը նկատում է՝  թատրոնը վերջին անգամ պետական աջակցություն է ստացել 2016 թվականին՝ «Դիմակահանդես» ներկայացման համար։ Պետությունն այսօր գումար չի տրամադրում շենքի պահպանման, տանիքի վերանորոգման համար։ «Բայց չէ որ սա պատմական շենք է, Թամանյանի գլուխգործոցներից մեկը»,-հավելում է Մաեստրոն։

Նա ցանկություն ունի նորովի բեմադրել «Անուշը», անդրադառնալ Մանսուրյանի «Ձյունե թագուհուն», վերականգնել Օպերային  փառատոնի ավանդույթը, 2021-ին Գեղամ Գրիգորյանի հոբելյանն է, պետք է նաև հոբելյանին պատրաստվել։ Ծրագրերը շատ են, բայց կոնկրետ քայլեր իրականացնելու համար   նախ կայունություն ու հստակություն է անհրաժեշտ։ Մաեստրոյի խոսքով՝ այդպիսին է օպերային թատրոնի առանձնահատկությունը, այստեղ բոլոր ծրագրերը պետք է նախապես պլանավորել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ