«Լուսավոր Հայաստանը» հանրաքվեի քարոզարշավին չի մասնակցի

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկել, սակայն դրա համար պատգամավորների բավարար թվով ստորագրություններ չունի՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց խմբակցության ասուլիսում:

«Մեծ  հանրային ակնկալիք կա` հասկանալու համար, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմո՞ւմ է ՍԴ, թե՞ ոչ: Եվ մենք անդադար ասում ենք, որ պատրաստ ենք դիմել ՍԴ, ըստ էության, դիմումի կմախքը հրապարակել ենք, թե ինչ խախտումներ են արվել: Ես և Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնել, բայց համապատասխան թվով ստորագրություններ ԼՀԿ-ն չունի, հետևաբար այդ հարցը, կարծում եմ, փակված է:

Ըստ Մարուքյանի՝ իրենց ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել են և պատրաստ են դեռ ՍԴ դիմելու, եթե ստորագրություններ լինեն:

Մարուքյանը շեշտեց` իրենք միշտ են ասել, որ Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կողմից ձևավորված Սահմանադրությունը պետք է փոխվի, և Հայաստանը պետք է ունենա ժողովրդավարական սահմանադրություն: Իրենք տարբեր օրենքներ են բերել, որ այդ համակարգը փոխեն, սակայն բոլորը մերժել են:

«Ասել են, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովով կանենք, հանրաքվեով կանենք: Հանձնաժողովը ստեղծվել է, այսօր ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում մեկ հոդված փոխելու համար»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ իշխանությունը համակերպվել է նախկինից ժառանգած համակարգի հետ և համաձայն չէ միայն Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ լինելուն:

Մարուքյանի կարծիքով` Թովմասյանը հեղափոխությունից հետո պետք է հրաժարական տար: ԼՀԿ-ն համարում է, որ հանրաքվեն ամբողջությամբ ապօրինի ու հակասահմանադրական է: Պատգամավորը նշեց, որ իրենց ո՛չ «այո»-ի, և ոչ էլ «ոչ»-ի ճամբարում չեն տեսնում: Նրա կարծիքով` եթե ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն անեն, ապա իշխանությունը մեղադրելու է նրանց, թե Սերժ Սարգսյանին են պաշտպանում:

«Բայց եթե չի լինում «ոչ»-ի ճամբար, թող միայն «այո»-ն քարոզեն, ժողովուրդն էլ կորոշի: «Ոչ»-ի որևէ ճակատ գեներացնելը նշանակում է իշխանությանը շանս տալ: Եվ, հետևաբար, մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք և պատրաստ ենք դեռ ՍԴ դիմելու, եթե լինեն ստորագրություններ»,- ասաց Մարուքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ