Համայնքների խոշորացումը կշարունակվի․ ամռանը 21 համայնքից կձևավորվի երկուսը

2020 թվականի  հունիսի 14–ին Լոռու մարզի Լերմոնտովո  և  Տավուշի մարզի Իջևան համայնքներում  համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություններ կանցկացվեն։   Նախագիծը հաստատվել է այսօր՝ կառավարության նիստում։  2018–ի  ապրիլից   համայնքների խոշորացման գործընթացը կանգ էր առել։  Այսօր որոշվել է, որ  ամռանը երկու մարզում  ռեֆորմը կշարունակվի։

Իջևանի 19 գյուղ (Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն)  կմիավորվի  ու  կստեղծվի Իջևան խոշորացված համայնքը։

Եվս մեկ խոշորացված համայնք կձևավորվի  Լոռիում՝  Լերմոնտովոյին կմիանա   Անտառաշենը։  Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը բացատրում է, թե ինչ մոտեցմամբ են առաջնորդվել։

«Տավուշի մարզի Իջևան միավորված  համայնքը խոշորացվելու է  շրջանային  մոդելով, քանի որ  այն ավելի արդյունավետ է»։

Համայնքների խոշորացման գործընթացը 1․5 տարի կանգ էր առել։ Այս ընթացքում կառավարությունը փորձում էր հասկանալ  խոշորացման դրական ու բացասական կողմերը։  Սուրեն Պապիկյանը անձամբ է  մոնիտորինգ արել ու պարզել՝ ճիշտ կառավարման ու վարչատարածքային ճիշտ քայլերի դեպքում  խոշորացված  համայնքները մի քանի անգամ ավելի արդյունավետ են։  Նախարարը գիտի նաև, որ  խնդիրներ կան։

Կառավարությունում գիտեն, որ  դժգոհողներ կլինեն,  գիտեն նաև պատճառները․ դրանցից մեկն,  օրինակ,  միավորման արդյունքում գյուղի  վերանալն է։ Վարչապետը հստակեցնում է՝

«Խոշորացման արդյունքում  գյուղը չի վերանում, որովհետև ինչպես կա մարզ, մարզպետարան, քաղաք, գյուղ, այնպես էլ խոշորացվողի պարագայում  կա համայնք և  բնակավայր։ Խոշորացվող գյուղերը դառնում են բնակավայր»։

Սուրեն Պապիկյանը կոչ է անում մի կողմ դնել նեղ անձնական շահերը։

«Վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվի ՀՀ պատասխանատու  քաղաքացին իր համայնքի համար։ Չառաջնորդվել նեղ անձնական, ազգակցական, այսպես ասած, կլանային շահերով, այլ առաջնորդվել համայնքի, պետության  շահերով»։

2016  թվականի փետրվարի 14-ից  իրականցվել է համայնքների միավորման   52 ծրագիր․  465 համայնքից ձևավորվել է   52–ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ