«Մանկապարտեզ հաճախող մեր երեխաները բացառապես որակյալ սննդամթերք պետք է ստանան…». Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը պարզաբանել է մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքները.

«Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը:

Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են գրառումների վերափոխումներ:

Ուստի այդ, ինչպես նաև մյուս մանկապարտեզների գրանցամատյանները փորձաքննության ենթարկելու համար պետք էր ապահովել իրավական ընթացակարգ, ինչի անհրաժեշտութունն ի հայտ է եկել միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ տնօրենները մասնակցում էին նախապես պլանավորված և արդեն մեկնարկած խորհրդակցությանը (փետրվարի 7-ին): Այդ ժամանակ տնօրեններին առաջարկվել է բերել տալ գրանցամատյանները, ինչից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացրել են իրենց գործառույթներից բխող օպերատիվ գործողություններ: Գրանցամատյանները համապատասխան արձանագրությամբ, սահմանված կարգով տարվել են ուսումնասիրության:

Ընդգծելով խնդրի կարևորությունը՝ ևս մեկ անգամ հավաստում ենք նախադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մեր ջանքերի հաստատակամությունը, մանկապարտեզների տնօրենների և աշխատակիցների հետ հարաբերությունները դիտարկվում են գործընկերային մթնոլորտում՝ ուղղված մեկ համընդհանուր նպատակին, ինչը պետք է բացառի կասկածը, առավել ևս ակամա կամ միտումնավոր անճշտությունները: Համայնքային մանկապարտեզներ հաճախող մեր երեխաները միայն եւ բացառապես որակյալ սննդամթերք պետք է ստանան, եւ ընդհանրապես՝ բնակչությանը որակյալ ծառայություն մատուցելը մեր գերխնդիրն է»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ