Գտնվեց մեկը, ում համար Քոչարյանը քաղբանտարկյալ է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզված է` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը ևս քաղաքական դրդապատճառներ ունի․ այդ մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է նախօրեին Բաքվում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում:

Ալիևը Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, իհարկե, անունով չի հիշատակել, սակայն ակնհայտորեն խոսել է նրանց մասին։

«Հայաստանի նախկին նախագահը արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ կալանքի տակ է: Նա ձերբակալվեց ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո: Քննություն է իրականացվում նաև այն նախագահի հանդեպ, որը Հայաստանը ղեկավարում էր ընդամենը երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և, ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահի դեմ հարուցված այդ գործն արդեն իսկ փոխանցվել է դատարան: Այդ բոլոր գործողությունների պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատության են ենթարկել գործող իշխանություններին»,- դիմելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը խիստ ուշագրավ ու բազմաշերտ է՝ իր էությամբ։ Կարելի է նույնիսկ պնդել, որ Քոչարյանն ու Ալիևը, Հայաստանի հին համակարգն ու Բաքվի այսօրվա ռեժիմը «գաղափարական» առումով դաշնակիցներ են, այլ խոսքով՝ նրանց միավորում են ավտորիտարիզմը, արժեքային ընդհանրությունները։ Այս հարթության վրա պատահական չէ, որ Քոչարյանը՝ չնայած գործադրած ջանքերին ու ներդրած մեծ ռեսուրսներին, քաղաքական բացահայտ աջակցություն է ստանում միայն Ալիևից, ավելի լատենտ դրսևորմամբ՝ նաև Մոսկվայից, որը հետխորհրդային ավտորիտարիզմի, ավտորիտար ռեժիմների մերանն է։ Եվ սա այն դեպքում, որ Արևմուտքը լռում է․ համենայնդեպս չկա որևէ միջազգային զեկույց, որում Ռոբերտ Քոչարյանի կալանքը կամ Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը քաղաքականապես մոտիվացված համարվի։ Եթե անգամ Հայաստանը վերապահումներ և դիտողություններ է ստանում Ստրասբուրգից, ապա միանգամայն այլ օրակարգով և հարցերով, որտեղ անդրադարձ անգամ չկա երկրորդ ու երրորդ նախագահների դեմ հարուցված քրեական գործերին։

Սակայն վերադառնանք Ալիևին, որի սիրտն ակնհայտորեն ցավում է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների համար։ Եթե հետևենք որոշակի տրամաբանությանը, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը կարոտախտով է հիշում այն Հայաստանի մասին, որի նախագահներն էին Քոչարյանն ու Սարգսյանը։ Ադրբեջանի համար Հայաստանը բարեկամ երկիր չէ, մնում է ենթադրել, թե ինչու է Ալիևն այսքան ջերմ արտահայտվում մարդկանց մասին, որոնք սեփական հայրենիքում՝ մերժված հասարակության կողմից, իրենց շուրջ «հայրենասերի» կերպար են ձևավորում։ Գուցե Ալիևը ժեստ է անում ոչ այնքան կոնկրետ անձերին, որքան՝ նրանց ստեղծած համակարգին, որի շնորհիվ վերացել էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև որակական տարբերությունները, ինչի հետևանքով Բաքվում սկսել էին մտածել անգամ Երևանը գրավելու մասին։

Իսկ Ռոբերտ Քոչարյանին իրապես կարելի է կարեկցել, որովհետև նրա ծախսած ահռելի միջոցները անցած մեկուկես տարվա ընթացքում կարողացան նպաստել ընդամենը մեկ «հաջողության»․ նա քաղբանտարկյալ ճանաչվեց Ադրբեջանի նախագահի հայտարարությամբ՝ միանգամայն լեգիտիմ դարձնելով իր մերժումը Հայաստանի հասարակության կողմից։

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ