Վալերի Պերմյակովի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չի տրամադրվում

Վալերի Պերմյակովի գտնվելու վայրին վերաբերող տեղեկատվությունը չի հակասում ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքին:

Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող Ռուսաստանի դաշնային գործակալությունը՝ Ռոսկոմնադզորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Քրեական պատիժն իրականացնող դաշնային ծառայությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ մերժել էր տեղեկատվություն տրամադրել Պերմյակովի գտնվելու վայրի, իրականացվող պատժի տեսակի եւ առողջական վիճակի վերաբերյալ՝ հղում անելով Ռուսաստանի «Անձնական տվյալների մասին» օրենքին:

«Անձնական տվյալների մասին» օրենքի 6-րդ հոդվածում հիշյալ նպատակները սահմանող և թվարկող 11 կետերից 8-րդում նշված է, որ անձնական տվյալների մշակում, առանց անձի համաձայնության, իրականացվում է այն պարագայում, եթե դա անհրաժեշտ է լրագրողին կամ լրատվության միջոցին՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

Ասել է թե Ռուսաստանի Քրեական պատիժն իրականացնող դաշնային ծառայությունը, տվյալ պարագայում հիմք չուներ հղում կատարելով «Անձնական տվյալների մասին» օրենքին, մերժել տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցին:

ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ խնդրի հետ կապված նույնատիպ մեկնաբանություն է տալիս նաև Մոսկվայում գործող «АРМРОСС» ռուս-հայկական իրավաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը: Ըստ իրավաբանի՝ Վալերի Պերմյակովի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չտրամադրելը կարող ենք օրենքի խախտում որակել, քանի որ ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքը հստակ չի սահմանում, թե դատապարտյալին վերաբերող որ տեղեկատվությունն է համարվում անձնական տվյալ, որը՝ ոչ:

«ՌԴ օրենքը քրեակատարողական հիմնարկների մասին պարզ սահմանում է, թե դատապարտյալին վերաբերող ինչ կարգի տեղեկություններն են համարվում անձնական տվյալ: Նման տեղեկությունների շարքում դասվում են նյութերը, որոնք ստացվել են  լուսանկարահանման, տեսա-ձայնանկարահանման և մատնահետքերի հավաքագրման արդյունքում, իսկ ձեր լրատվամիջոցի կողմից պահանջած տեղեկատվությունը ոչ մի կերպ այդ շարքում դասել հնարավոր չէ»,- շարունակելով միտքը՝ պնդում է իրավաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը:

Բացի այդ, ըստ իրավաբանի, լրատվամիջոցի հարցումն այն մասին, թե որտե՞ղ է շարունակում կրել իր պատիժը ծանր հանցագործության համար դատապարտված անձը, չի ոտնահարում ոչ մեկի իրավունքը, և հասարակության շահերից բխող տեղեկատվություն է հանդիսանում, քանզի հասարակությունն իրավունք ունի իմանալու և համոզված լինելու՝ արդյոք տվյալ հանցագործը գտնվո՞ւմ է քրեակատարողական հիմնարկում և կրո՞ւմ է սահմանված պատիժը, թե՞ գուցե արդեն ազատության մեջ է և կրկին ունակ է վնասելու հասարակության անդամներին:

«ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքի առաքելությունն է պաշտպանել քաղաքացու անձնական կյանքի իրավունքը, և այդ պարագայում «անձնական կյանք» և «անձնական տվյալներ» հասկացությունների միջև հավասարության նշան կարող ենք դնել: Ելնելով դրանից՝ լրագրողն իրավունք ունի մարդու անձնական կյանքի մասին տեղեկություններ փնտրել և ստանալ միայն այն պարագայում, եթե լսարանին տեղյակ լինելու իրավունքը և հետաքրքրությունը նման ինֆորմացիայի հանդեպ գերակշռում է անձնական կյանքը գաղտնի պահելու իրավունքին: Այնպես որ, Պերմյակովի հետ կապված պատմությունը հենց այդ շարքին կարելի է դասել»,- եզրափակում է Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման եւ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ:

2016 թվականի օգոստոսի 23-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում 2017 թվականի մայիսի 18-ին «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998 թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանի Դաշնությանը:

Նյութի աղբյուր՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ